Հայաստանը շարունակում է իրականացնել բարեփոխումների հավակնոտ օրակարգ՝ տարածաշրջանի երեք երկրներ այցը Երևանում ամփոփելիս հայտարարել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը:
Պատասխանելով ԵՄ-Ադրբեջան էներգետիկ ոլորտում կնքված համաձայնագրի մասին հարցին, թե արդյոք Բրյուսելը չի՞ դավաճանում իր արժեքներին՝ ժողովրդավարական խնդիրներ ունեցող Բաքվի հետ գործակցելով, Մքալիսթերը հավաստիացրել է, որ տնտեսական գործակցությունը չի խանգարելու Եվրոպական միությանը՝ շարունակել անդրադառնալ մարդու իրավունքների վիճակին և Ադրբեջանում առկա այլ խնդիրների:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժովի նախագահն էլ պատասխանել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ այդ երկրի արտգործնախարարի հայտարարությանը՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ՝ շեշտելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. նախապայմաններն այս գործընթացում անընդունելի են:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության հետևողական վերացմանը, Մքալիսթերը վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի տեսակետը:
Դեյվիդ Մքալիսթեր (Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահ) - Եվրոպական խորհրդարանը վերջերս բանաձև ընդունեց՝ դատապարտելով ԼՂ-ում և դրա շուրջը հայկական ժառանգության վերացումն ու ժխտումը: Սա շատ զգայուն խնդիր է, բայց պետք է դրան անդրադառնալ, և այս բանաձևն ընդունվել է Եվրախորհրդարանի մեծամասնությամբ:
Երբ Բաքվում էինք, լսեցինք քննադատություն մեր հասցեին, Եվրոպական խորհրդարանը, սակայն, ունի ավանդույթ՝ երրորդ երկրների վերաբերյալ բանաձևեր ընդունելու, և մենք դա արել ենք, շարունակելու ենք անել՝ անկախ նրանից՝ կողջունվի՞ դա, թե՞ կքննադատվի: