Դանդաղ, ծանր ֆուռը կշեռքին է բարձրանում, հենց կանգնեց՝ բեռնատարի ու ապրանքի ընդհանուր քաշը համակարգչում է։
Կարող են կշռել մինչև 80 տոննանոց տրանսպորտային միջոցներ՝ հպարտանում է տերմինալի աշխատակիցը։ «Ուրբան լոջիստիքը» սպասարկում է արտահանող-ներմուծող բիզնեսին, մաքսային ձևակերպումների համար կշռում կցորդիչով կամ առանց դրա, մեծ ու փոքր, և՛ բարձված՝ արդեն ճանապարհ ընկնող, և՛ մինչև բարձվելը՝ դատարկ բեռնատարներ։
Ռաֆայել Օհանյան («Ուրբան լոջիստիք սերվիսիս» տերմինալի աշխատակից) - էսա մեքենան բարձված կանգնած ա՝ էլեկտրոնային էլ ցույց ա տալիս քաշը՝ 3900 կա, մոտ 4 տոննա:
Արտահանման համար բարձվող դատարկ մեքենան գործարարն արդեն կարող է մաքսային զննության ներքո չկշռել՝ շաբաթվա սկզբին հայտարարեց Պետեկամուտների կոմիտեն։ Պարզվում է՝ օրենքով դա պարտադիր էլ չէ, արվել է export-ի հայտարարագրում ապրանքի ճշգրիտ՝ մաքուր քաշը ֆիքսելու համար։ Այնպես որ, հիմա կարելի է մեքենան միանգամից բարձած տանել մաքսային պլոմբելու։
Լևոն Շահինյան (ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության բացթողնման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ) - Կարող է առանց ավտոմեքենան դատարկ կշռելու կատարել իր տարածքում բեռի բարձումը և արդեն փաստաթղթերը ձևակերպելուց հետո գալ մաքսային հսկողության գոտի:
Եթե, իհարկե, բեռնատարի քաշը, որ պետք է լրացվի արտահանման փաստաթղթում, հայտնի է:
- Գիտե՞ք՝ ձեր մեքենան քանի՞ տոննա ա:
Վասիլ Բարսեղյան (վարորդ) - Տեխպասպորտում գրած ա, ո՛նց չգիտեմ:
Վարորդներն այստեղ անգիր գիտեն իրենց ավտոների քաշը, բայց գրեթե բոլորն անտեղյակ են, որ արտահանման դեպքում դատարկ մեքենան կշռելն այլևս պարտադիր չէ։
Վասիլ Բարսեղյան - Պարտադիր ա, բա ոնց չէ, արդեն պարտադիր չի, ես տենց գիտեմ, որ պարտադիր ա:
Աշոտ Մինասյան (վարորդ) - Ես երեկ կշռել եմ մեքենան դատարկ վիճակում, իսկ այսօր՝ բեռնված, արդեն 25 տոննա է:
Փոփոխության շնորհիվ արտահանողը, փաստորեն, երկուսի փոխարեն մի անգամ՝ միայն բարձված կգնա կշռման, կխնայի 4000 դրամ և, ամենակարևորը՝ ժամանակ ու նյարդեր, որ ծախսում են խցանումներով պահեստից տերմինալ, տերմինալից հետ պահեստ ճանապարհին։
Նորույթը պետք է որ ՊԵԿ-ի համար էլ ռիսկեր չստեղծի, որովհետև export-ի համար աշխատող բեռնատարները պարբերաբար հատում են երկրի սահմանն ու իրենց պետհամարանիշով ու մյուս տվյալներով տարվա մեջ քանի անգամ հայտնվում մաքսային փաստաթղթերում։
Նարեկ Գալստյան (մաքսային ձևակերպումների մասնագետ) - Եթե բարեխիղճ տնտեսվարող ա, չեմ կարծում՝ խաբելու տարբերակ կա, քանի որ մեքենան ունի իրա դատարկ քաշը իրա տեխանձնագրում, կարելի ա համեմատել:
Այն, որ բեռնատարի ղեկին օրերով ճամփա կտրող մարդիկ երբեմն դիմում են բիզնես հնարամտության՝ վառելիքի բաքը լիքը, ծանր-ծանր կշռվում են, որ հետո դրա հաշվին լրացուցիչ ապրանք անցկացնեն, մաքսայինում գիտեն։ Արարատյանի բացթողնման բաժնի գլխավոր տեսուչն ասում է՝ եթե համակարգը տարբեր արտահանումների ժամանակ նույն ավտոյի տարբեր քաշեր ֆիքսի, բնականաբար ստուգելու են:
Մեր նկարահանման պահին մաքսային ձևակերպումներն ավարտող բոլոր բեռնատարները Ռուսաստան էին ճանապարհվում՝ բարձված՝ մեկը հագուստով, մյուսը՝ սուրճով։ Մեքենա կար՝ արտասահմանից բերած գետի մանր քարեր, կար, որ աչքի լինզաներ էր Մոսկվա տանում։
Գոռ Աբովյան (վարորդ) - Լարսից տեղյակ եք՝ հերթերը շատ են, հա, մի երկու-երեք օր կանգնում ենք:
Բեռը ե՞րբ տեղ կհասցնեն՝ վաղուց արդեն կանխատեսում չեն անում։