Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն սպառնացել է ուկրաինական ազգայնականության գաղափարախոս Ստեպան Բանդերայի հուշարձանը կանգնեցնել չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության մայրաքաղաք Տիրասպոլում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսկերպ նա արձագանքել է տարածաշրջանի ԱԳ նախարար Վիտալի Իգնատևի հայտարարությանը՝ Մերձդնեստրը Ռուսաստանի կազմում ընդգրկելու ցանկությանը:
Մերձդնեստրի բնակչության 60 տոկոսը ռուսներ և ուկրաինացիներ են: Հանրապետությունը ձգտում էր անջատվել Մոլդովայից դեռ ԽՍՀՄ փլուզումից առաջ։ 1992-ին՝ խնդիրն ուժային ճանապարհով լուծելու Քիշնևի անհաջող փորձից հետո, այն փաստացի դարձավ չվերահսկվող տարածք։
Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Կիևը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գրավել Մերձդնեստրը, եթե Քիշնևը դա խնդրի։ Հունիսի վերջին Վոլոդիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան պատրաստ է հարվածով պատասխանել «Մերձդնեստրի ռիսկերին»։ Միաժամանակ հանրապետության տարածքում մի քանի ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց կազմակերպիչների հետքերը, ըստ տարածաշրջանի իշխանությունների, տանում են դեպի Ուկրաինա։