«Միտք, մշակույթ, մարմնակրթություն»․ այս խորագրով Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բանակել է Առաջատար տխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնած «Դիջիքեմփ» եռամրցաշար ճամբարը: Հերթական 7-րդը, բայց իր ձևաչափով՝ առաջինը:
Սեդրակ Վարդանյան («Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի ղեկավար) - Մենք միավորել ենք մրցույթները ճամբարի հետ միասին, մարդու, անհատի ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է, որ զարգանան և՛ միտքը, և՛ մշակույթը, և՛ մարմնակրթությունը, ուստի համատեղել ենք և կոչել եռամրցաշար:
Ճամբարում ընդգրկված է 168 դպրոցական Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և Ջավախքից: 14-17 տարեկան դպրոցականները, որոնցից շատերը «Արմաթ» լաբորատորիաների սաներ են, 11 օր հնարավորություն ունեն զարգացնելու նորարարական գաղափարները, ինչպես նաև ներկայացնելու արդեն կյանքի կոչած նախագծերը, մասնակցելու հայկական ազգագրական պարերի և սպորտային դասընթացների: Ճամբարականների օրը շատ հագեցած է: Սիսիանից էլենը ասում է, որ իրենց նախագիծը այստեղ ավելի հեշտությամբ են իրագործում:
Էլեն Բադամյան - Ոչ մի երեխա չի հոգնում մի պարապմունքից մյուսը գնալու համար, դասերից հետո պարն ա, պարից հետո՝ ֆուտբոլը և հանգստի ժամը, և լիարժեք կարողանում ենք հանգստանալ:
Երևանից Ռոլանդը ուրախ է, որ շատ բան սովորելու հետ նաև նոր ընկերներ է ձեռք բերել:
Ռոլանդ Դալլաքյան - Շատ լավ է անցնում, կազմակերպում են տարբեր խաղեր, դա օգնում ա երեխաներին ավելի լավ մոտիկանալ, ամեն մեկը ծանոթանում ա մյուսի պրոյեկտներին, իրար օգնում են անգամ:
Եռամրցաշար ճամբարի նախագիծը իրագործվել է Հայաստանում գերմանական մշակութային կենտրոնի և Արևելյան գործընկերության աջակցությամբ․
Նաթիա Միքելաձե (Բախսոլիանի-Երևանի «Գյոթե» կենտրոնի ղեկավար) - Շատ երջանիկ ենք, որ կարողացանք իրականացնել, հատկապես որ, այս նախագիծը եռամրցաշար է, այն ոչ միայն ուղղված է տեխնիկական կողմին, ռոբոտաշինությանը և այլ ծրագրեր զարգացնելուն, այլև ներառում է ազգային պարը և մարմնակրթությունը:
Ճամբարում ձեռք բերած գիտելիքն ու հմտությունը 28 թիմերը կնեկայացնեն վերջին օրը կայանալիք մրցույթում: