Կառավարության այսօրվա նիստին հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծի նպատակն է իրավական հենքի ստեղծման միջոցով ապահովել մթնոլորտային օդի պահպանության արդյունավետ կառավարումը` ժամանակակից մոտեցումներին համապատասխան և կայուն զարգացման համատեքստում:
Օրենքը հիմնովին լրամշակվել է:
Այսպիսով, օրենքի նախագծով՝
Ավելացվել են մի շարք հասկացություններ, որոնք կիրառվում են այլ երկրներում՝ օդի որակի գնահատման համար: Ավելացվել են դրույթներ, կապված արտանետումների տեխնիկական նորմավորման, արտանետումների հաշվառման, լիազորությունների բաշխման և այլնի հետ:
Ամրագրվել են մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից մոտեցումները, մասնավորապես՝
մթնոլորտային օդի որակի գնահատման մասով.
«կրիտիկական մակարդակ» հասկացությունը, ինչպես նաև դրա որոշման մեթոդները, կիրառումը, աղտոտվածության մոնիթորինգի և վերահսկողության լիազորությունների սահմանումը,
անշարժ աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով.
«տեխնիկական նորմատիվների» և «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» որոշման մեթոդների կիրառումը,
շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակման մասով.
արգելքի պահանջները և դրանք կիրառելու իրավասությունները:
արտանետումների հաշվառման մասով.
վնասակար նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների (անշարժ և շարժական աղբյուրներից) միասնական հաշվառման, այդ թվում՝ ջերմոցային գազերի ցանկի, ջերմոցային գազերի գույքագրման դրույթը:
Կներդաշնակեցվեն աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշները, արտանետումների սահմանափակման նպատակով և զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը:
Այն ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության կառավարումը, և կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը:
Կապահովվի գործող ոլորտային ներպետական և Եվրոպական Միության ոլորտային օրենսդրության ներդաշնակեցում: