ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայում մնացած կամ դուրս եկած հայրենակիցների թվի մասին տեղեկություններ չկան:
«Անհնար է այս պայմաններում որևէ թվի մասին խոսել: Իրավիճակը հեղհեղուկ է, մարդկանց հոսքերը՝ շարունակական: Իսկ ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին, որոնք Հայաստան են եկել, մենք նրանց հետ աշխատում ենք, ՀԿ-ների հետ տարբեր ծրագրեր ենք իրագործում, որպեսզի նրանց օգնենք»,- ասաց Զարեհ Սինանյանը:
Նա նշեց, որ Ավետարանչական եկեղեցու ծրագրով 300 ընտանիքի աջակցության փաթեթ է հատկացվել, որում ներառվել է և՛ միանվագ գումար, և՛ տան վարձերի մարման, և՛ կրթական ու առողջապահական գումար:
«Որևէ խտրականություն ծրագրի մեջ չկա. քաղաքացի են են թե ոչ: Մարդիկ փախստականի կարգավիճակ ունեն, օգնության կարիք ունեն, մենք բոլորին նույն աչքով ենք նայում»,- ասաց Զարեհ Սինանյանը: