Գերբեռնված բեռնատարների անդադար հոսքից վնասված և մեկ տարվա փորձությունն անցած Տաթև-Աղվանի ավտոճանապարհն այս օրերին վերականգնման փուլում է:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Անցած տարի մենք փորձեցինք արագ տեմպերով շինարարություն իրականացնել, որը բերեց որոշակի խնդիրներ: Այս պահին խնդիրները լուծվում են: Երկու հատվածում մենք նախատեսում ենք լրացուցիչ նոր շերտ տեղադրել, իսկ մի հատվածում հենց նախագծով նախատեսված էր եռաշերտ ասֆալտապատում, որը նախկինում շինարարը երկշերտ է տեղադրել, շուտով կսկսի երրորդ շերտի շինարարական աշխատանքները:
Ինչո՞ւ է նախորդ տարի կառուցված նոր ճանապարհն այսքան շուտ վնասվել. մանրամասնում է ՏԿԵ նախարարը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Եթե Տաթև-Աղվանին ուշադիր նայենք, ապա կտեսնենք, որ Կապանից դեպի Տաթև եկող ճանապարհի աջակողմյան հատվածն է հիմնականում քանդված, շարքից դուրս եկած, դա խոսում է այն մասին, որ շատ ծանր են բեռնված մեքենաները, անցնում են ճանապարհով, և դրանից է, որ հիմնականում այդ կողմն է քանդվում:
Օրինակ՝ 10 տոննայանոց մեքենան երթևեկում է 24 տոննա գերբեռնվածությամբ: Այսպիսի խախտումները օրվա ընթացքում բազմաթիվ են: Խնդրին ամբողջական լուծում են պատրաստվում տալ՝ նշում է Սանոսյանը, Կառավարությունը չի կարող ամեն տարի նույն ճանապարհը հիմնանորոգել:
Գնել Սանոսյան - Հիմա տեսչության գործընկերների հետ աշխատում ենք, փորձում ենք կշեռքների քանակն ավելացնել և շարժականների, քննարկում կա, որ հենց ասֆալտի ծածկույթի տակ կշեռքներ տեղադրենք, այլապես այսպես չենք կարող, մենք անընդհատ նոր ճանապարհ կկառուցենք, մեր երկրում տնտեսական ակտիվություն կա, բեռնափոխադրումների ակտիվություն կա, այդ ակտիվությունը նորից կբերի, որ մեր ճանապարհները նորից կվնասվեն:
40 կմ-ից ավելի երկարություն ունեցող Տաթև-Աղվանին կառուցել է երեք շինարարական ընկերություն, յուրաքանչյուր հատվածում վնասվածության աստիճանը տարբեր է:
Գնել Սանոսյան - Երբեմն քանդվում է ճանապարհը 1-15 մ խորությամբ, նոր լիցքեր են արվում, որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ այդ լիցքերը պատրաստ լինեն ասֆալտապատման, հասկանում եմ, որ մեր քաղաքացիներին որոշակի դժվարություններ ենք պատճառում, բայց որպեսզի նորից նման պատկեր չունենանք, պետք է որոշակի տեխնիկական պայմաններին բավարարի, որ կարողանանք ասֆալտապատել:
Աշխատանքի տեմպերից դժգոհություններն ընդունում են, բայց նշում՝ տեխնիկան շատացնել չեն կարող, ինտենսիվ երթևեկը ճանապարհին խցանում կառաջացնի:
Իսկ, ընդհանուր առմամբ, այս տարի Սյունիքի մարզում ճանապարհաշինությունն աննախադեպ ծավալների է: Բարեկարգվում է շուրջ 100 կմ ճանապարհ, գերակշռող մասն ամբողջովին նոր կառուցվող է:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Սյունիքի մարզում այն ծավալի աշխատանքներ, որ իրականացվում են, երբևիցե չեն եղել: Տարբեր հատվածներում դրանք տարբեր են: Սյունիքի մարզի գրեթե ողջ տարածքով կատարվում են աննախադեպ ճանապարհաշինական աշխատանքներ, վստահ եմ, որ առաջիկա 5 տարիներին դրանք կշարունակվեն՝ նկատի ունենալով այն բոլոր ծրագրերը, որոնք նախատեսված են:
Սյունիքում այս պահին խոշոր 15 շինարարական կետ կա՝ նշում է «Ճանապարհային դեպարտամենտի» տնօրենը:
Գոռ Ավետիսյան - Այս տարվա ընթացքում նախատեսում ենք նաև մեկնարկել լրացուցիչ 4-5 հատվածի շինարարություն, որի մեկնարկը, կարծում եմ, առաջիկա 2-3 ամսվա ընթացքում կտանք:
Ծանրաքաշ բեռնատարներին ոլորաններից կազատի ու ճանապարհը շուրջ 1 ժամով կկրճատի 20 կմ-անոց Տաթև-Լծեն ճանապարհը, որի կառուցման աշխատանքներն իրականացնում է երկու ընկերություն:
Գոռ Ավետիսյան - Տաթևից մարդիկ Սիսիանով դուրս կգան Մ2 միջպետական ճանապարհ, որը գործողից մոտ 8 կմ կարճ է, և թե՛ ոլորանների քանակով, թե՛ ավելի բարձր կարգի ճանապարհ ենք ունենալու, իհարկե, ավարտական աշխատանքներ այս տարի չենք ունենա, բայց երթևեկության համար նախանիշ ենք դրել, որ այս տարի երթևեկությունը բացենք:
1 մլն խմ-ից ավելի հողային աշխատանքներ են իրականացվել, 80-85 տոկոսն արված է, հերթը ճանապարհի ծածկին է հասել: Բայց տեմպերը Սանոսյանին չեն գոհացնում:
Պետք է վերջնաժամկետին՝ նոյեմբերի 30-ին, ճանապարհը երկշերտ ասֆալտով երթևեկելի լինի բոլոր տեսակի մեքենաների համար:
Գնել Սանոսյան - Մեկ շինարարական ընկերություն բավական արագ տեմպերով առաջ է գնում, արդեն մոտ 2 կմ ասֆալտապատել է, երկրորդ շինարարի տեմպերի հետ կապված խնդիրներ ունենք, իրենց հետ զրուցել ենք, որ ակտիվացնեն աշխատանքները:
Ամբողջովին նոր կառուցվող Կապան-Ճակատենն արդեն պատրաստ է ասֆալտապատման, վերջին նախապատրաստական աշխատանքներն են արվում: Դեպի Շուռնուխ ու Բարձրավան գնացող ճանապարհներն այս տարի չեն ասֆալտապատվի, բայց գրունտը բարձր որակի կլինի՝ անցանելի ցանկացած մեքենայի համար: