ԿԱՅԱՑԵԼ Է ԼԱՎՐՈՎ-ԲԱՅՐԱՄՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային զարգացումներին, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը:
Ընդգծվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների պահպանման և համապատասխան աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտային և տարանցիկ հարցերի շուրջ։ Լավրովը և Բայրամովը շեշտել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ներուժի ընդլայնման կարևորությունը։
500 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՉԱՓՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԵՄ-ն վերջնական որոշում է կայացրել Ուկրաինային 500 միլիոն եվրոյի չափով ռազմական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Այսպիսով, 2022 թվականի մարտից Կիևին ռազմական օգնության շրջանակում ԵՄ-ն հատկացրել է արդեն 2,5 միլիարդ եվրո։
ԵՄ Խորհրդից էլ հայտնում են, որ հուլիսի 21-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը։ Կառույցում Չեխիայի նախագահության տվյալով՝ այն ներառում է ոսկու էմբարգո, ֆինանսական և առևտրային սահմանափակումների հստակեցում: ԵՄ սև ցուցակում ներառվել է ևս 48 անհատներ և կազմակերպություններ, այդ թվում՝ մի շարք ռուս պաշտոնյաներ և գործարարներ։ Հակառուսական գործող սահմանափակումներն էլ երկարաձգվում են 6 ամսով:
Միաժամանակ ընդգծվում է, որ Ռուսաստանի հետ սննդամթերքի և պարարտանյութերի առևտրի համար Եվրամիությունը պատժամիջոցներ չի սահմանում։
ԻՐԱՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՓՐԱՅՍ
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Թեհրանն աջակցում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին՝ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը։
Ճեպազրույցի ընթացքում Նեդ Փրայսին խնդրել են մեկնաբանել Թեհրանում Վլադիմիր Պուտինի հանդիպումները Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ և վերջինիս հայտարարությունն այն մասին, որ եթե Ռուսաստանը պատերազմ չսկսեր, դա կաներ ՆԱՏՕ-ն:
«Զարմանալի էր լսել, որ գերագույն առաջնորդը միանշանակ հավանություն է տվել Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուն՝ հաշվի առնելով, որ ամբողջ ընթացքում Իրանը փորձում էր չեզոքություն պահպանել»,- ընդգծել է Փրայսը։
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԻՉ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ. ՕՍԹԻՆ
Ուկրաինայում ռազմական գործողությունները որոշիչ փուլում են՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարարը։
«Կիևին մեր հավաքական անհետաձգելի աջակցությունը կենսական նշանակություն ունի: Ռուսաստանը կարծում է, որ կարող է ավելի երկար դիմադրել, քան Ուկրաինան, քան մենք: Ռուսաստանը սխալվում է»,- վստահեցրել է Լլոյդ Օսթինը: Նա հավելել է՝ Վաշինգտոնի աջակցությունը Կիևին իրական փոփոխություններ է բերում:
ԻՐԱՔԸ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻՆ
Իրաքը հետ է կանչել Անկարայում իր ժամանակավոր հավատարմատարին՝ արաբական հանրապետության հյուսիսում գտնվող Զախո հանգստավայրի գնդակոծման հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու համար։ Իրաքյան կողմը պնդում է, որ նախօրեին թուրքական հրետանու հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, վիրավորվել՝ 22-ը։ Զոհերի և տուժածների թվում եղել են նաև զբոսաշրջիկներ:
Լրատվամիջոցների տվյալով՝ Իրաքի ԱԳՆ-ը զեկույց կնախապատրաստի Թուրքիայի կողմից Արաբական Հանրապետության ինքնիշխանության խախտումների վերաբերյալ և բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է, հարձակման համար մեղադրել ահաբեկչական կազմակերպություններին. «Կոչ ենք անում Իրաքի կառավարությանը Քրդական բանվորական կուսակցություն ահաբեկչական կազմակերպության ազդեցության տակ չընկնել, անհիմն հայտարարություններ չանել և գործակցել՝ բացահայտելու և պատժելու մեղավորներին», - ասված է հաղորդագրության մեջ։
ԹՐԱՍԸ՝ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը վարչապետի պաշտոնի համար ներկուսակցական պայքարի ֆավորիտն է: Վիճակագրական վերջին հարցումների համաձայն՝ Թրասը եզրափակիչ քվեարկության ժամանակ կարող է 19 տոկոսային կետով առաջ անցնել իր մրցակից՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակից:
Նախօրեին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Թրասն ու Սունակն անցան վարչապետի պաշտոնի համար պայքարի վերջին փուլ, որի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերին:
Բորիս Ջոնսոնը երեկ խորհրդարանում հանդես է եկել հրաժեշտի ելույթով: Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին և խորհուրդներ տվել հաջորդ վարչապետին, հորդորել «ավելի մոտ լինել ԱՄՆ-ին», «պաշտպանել ուկրաինացիներին», ինչպես նաև կրճատել հարկերը:
Ջոնսոնը եզրափակել է իր ելույթը «Տերմինատորը-դատաստանի օրը 2» ֆիլմի գլխավոր հերոսի խոսքերով՝ լայֆ: