Հայաստան տեղափոխված մի խումբ ռուսաստանցիներ «Շաբաթը 1 օր Երևանի բուսաբանական այգում» կամավորական գործունեություն են ծավալում։ Մաքրման, սանիտարական աշխատանքներից բացի կազմակերպում են էքսկուրսիաներ և վարպետության դասեր այգու տարածքում, այցելում բուսական ռեսուրսների և Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպություններ։
Երևանի բուսաբանական այգու կամավորական խմբի ղեկավար Զոյա Դուտովա - Երբ այգու աշխատակիցներն ինձ ասացին, որ կա կամավորների խումբ, որը ցանկանում է աշխատել, ես առաջարկեցի օգնել նրանց, որովհետև ունեի փորձ:
Յուրաքանչյուր չորեքշաբթի կամավորները հավաքվում են այգում և օգնում են աշխատակազմին այն առավել գրավիչ դարձնել։ Թիմին կարող են միանալ բոլոր ցանկացողները. աշխատանք շատ կա:
Կամավոր Դանյա Պոլյանչիկ - Ինչպես տեսնում եք, այստեղ կան դեղին տերևներ, չորացած ճյուղեր, հիմա մեր առաջադրանքն է՝ հաճելի տեսքի բերել տարածքը:
Կամավոր Լեոն Բարսեղյան - Մենք այստեղ կտրում ենք հին բույսերը, թարմացնում ենք դրանք, մաքրում, պատվաստում:
Այգու բազմամյա աշխատակիցների գնահատմամբ էլ՝ կամավորների աջակցությունն արժեքավոր է և արդյունավետ:
Երևանի բուսաբանական այգու ջերմատան աշխատակից Անուշ Արսենյան - Շատ խելացի մարդիկ են, ամեն ինչ հասկանալով անում են, օգնում են ամեն ինչում՝ կտրելով, մաքրելով, թափելով:
Կամավորականների խումբը բուսաբանական այգուն միակ հասարակական աջակցությունը չէ:
Հուլիսի 15-ից գործում է «Բուսաբանական այգու ընկերներ» բարեգործական կազմակերպությունը, որում ընդգրկված անձանց անդամավճարները ևս նպաստում են այգու զարգացմանը։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան