Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցի շուրջ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պատվիրակությունների հետ շփումները շարունակվում են, Անկարան հուսով է առաջիկա օրերին «լավ նորություններ» հաղորդել՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
«Եթե հաջողվի լուծել այս խնդիրը, ապա ուկրաինական ճգնաժամի կարգավորման գոնե փոքր հույս կհայտնվի»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։
Թուրքական կողմը հայտնում է նաև, որ հացահատիկային միջանցք բացելու վերաբերյալ վերջնական փաստաթուղթը կարող է ստորագրվել այս շաբաթ, իսկ գյուղմթերքի արտահանումը կսկսվի մոտ ապագայում։
Դիվանագետն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությանը: Նրա խոսքով՝ Անկարայի, Հելսինկիի և Ստոկհոլմի ներկայացուցիչները ևս մեկ անգամ կհանդիպեն օգոստոսին՝ քննարկելու ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում սկանդինավյան երկու երկրների ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Չավուշօղլուն նախազգուշացրել է՝ եթե Թուրքիայի պահանջները չկատարվեն, խորհրդարանը չի վավերացնի Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը։
ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան ընդունել է վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը: Ավելի վաղ Դրագին հայտնել էր նախագահի հետ հանդիպմանը հրաժարական ներկայացնելու մտադրության մասին:
Նախորդ շաբաթ ևս Դրագին հրաժարական էր ներկայացրել, սակայն նախագահը մերժել էր այն, քանի որ ֆորմալ առումով կառավարությունը ուներ խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:
Նախօրեին Իտալիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ձայների նվազագույն առավելությամբ վստահություն էր հայտնել վարչապետին: Կոալիցիա կազմող երեք կուսակցություններ հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը:
ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են շարունակվել՝ վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
«Ո՛չ նախագահ Վլադիմիր Պուտինը, ո՛չ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երբեք չեն հայտարարել բանակցությունների դուռը փակելու մասին»,- նշել է Դմիտրի Պեսկովը։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Մոսկվային մեղադրում են գազը շանտաժի գործիք դարձնելու համար:
«Դա բացարձակ սուտ է: Եվրոպա գազի մատակարարման հետ կապված տեխնիկական ցանկացած խնդիր հենց եվրոպացիների սահմանած պատժամիջոցների հետևանքն է: Այդ սահմանափակումներից տուժում է միայն Եվրոպան»,- շեշտել է խոսնակը:
Նա զգուշացրել է՝ հակառուսական պատժամիջոցները չեն ստիպի Մոսկվային փոխել իր դիրքորոշումը:
ԿԱՐԵՎՈՐ Է ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՁԳԵԼ ՄԻՆՉԵՎ ՁՄԵՌ. ԵՐՄԱԿ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը ցանկանում է մինչև ձմեռ փոխել ռազմական գործողությունների ընթացքը:
«Այժմ կարևոր է ռուսներին թույլ չտալ պատերազմը ձգել մինչև ձմեռ: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լուրջ է տրամադրված և պատրաստ է անել ամեն ինչ, որ մենք հնարավորինս շուտ ազատագրենք մեր տարածքները»,- նշել է Երմակը:
Նրա խոսքով՝ շատ բան է կախված ուկրաինացի զինվորների ուսուցումից: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը «խոստացել է»՝ շուտով անակնկալներ կլինեն: