Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում այսօր նոր սպանդանոց բացվեց։ Ոչ միայն Հայկաձորի, այլև հարևան բնակավայրերի գյուղացիները այսուհետ մորթը կարող են կազմակերպել բարձրակարգ պայմաններում։ Սպանդանոցը Անիի տարածաշրջանում երկրորդն է՝ Ձորակապից հետո։ Հիմնադիրը Հայկաձորի բնակիչ Սեյրան Սմբատյանն է։
Սեյրան Սմբատյան (Հայկաձորի բնակիչ, սպանդանոցի հիմնադիր) - Ձեռք բերեցի և որոշեցի սպանդանոց կառուցել։ Այսօր էլ փորձելու ենք տարածաշրջանում օգտակար լինել գյուղացիներին։ Եվ հետո էլ ֆինանսական հաջողություններ, եթե հնարավոր լինի, ունենանք։
60 մլն դրամ արժողությամբ շենքի շինարարությունը հնարավոր է դարձել Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի արտոնյալ պայմաններով ֆինանսավորմամբ։
Էմին Այվազյան (Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ներկայացուցիչ) - Վերաֆինանսավորել ենք բարձր տոկոսով վարկերն ավելի մատչելի, որպեսզի զարգանա: Աջակցելու ենք կից արտադրամասեր սարքելու, վերամշակման արտադրամաս, օժանդակ արտադրամաս, մսի վերամշակման, պետական աջակցության ծրագրերում։
Նոր սպանդանոցի շահագործմամբ արդեն Անիի տարածաշրջանի կարիքները լիարժեք կսպասարկվեն։
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Զուգահեռ գործընթացներ ունենք այլ շրջաններում, Կառավարության խոստման համաձայն` այս գործընթացը բերում ենք քաղաքակիրթ ընթացքի։ Ոչ միայն քաղաքակիթ դաշտ, այլև կանխում ենք հիվանդությունների, ոչ առողջ մսամթերքի առկայությունը։
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Ունենք խնդիրներ, պակաս կա սպանդանոցների, սա մեծ օգնություն էր, այս տարածաշրջանը կկարողանա փակել, պատրաստակամություն և եռանդ կա մինչև Արագածոտնի մարզ սպասարկել։
ՍԱՏՄ ղեկավարն անդրադարձավ նաև Շիրակի մարզում անասնագլխաքանակի պատվաստումների գործընթացին ու ընդգծեց, որ պատկերն այս տարի մտահոգիչ է։
Շիրակի մարզպետարանում անցկացված քննարկման ժամանակ արդեն մանրամասն անդրադարձան իրավիճակին։
Գեորգի Ավետիսյան - Երկու հոգու անասնաբույժի վարչական վարույթ արեցինք, մարդիկ չգիտեն, անասնաբույժները երևի չգիտեն` իրենք էլ թերացումների համար տուգանվելու են։ Իրենք հրաժարվելու իրավունք չունեն:
Համայնքապետերն էլ նշեցին, որ անասնագլխաքանակի թվային տվյալների անհամապատասխանություն կա: Նշվեց, որ խնդիրը պետք է լուծել աշխատանքային առավել սերտ գործակցության, իրազեկման մակարդակի բարձրացման միջոցով։