Առավոտյան ժամը 9.30-ի կտրոն է, հերթում արդեն 70-ից ավելի մարդ է սպասում: Անձնագրային և վիզաների վարչության տարածքային բաժանմունքներում արդեն մեկ ամսից ավելի է՝ մեծ հերթեր են: Տիկին Շուշանիկը Էրեբունու բնակիչ է, երկրորդ անգամ է գալիս, որոշել է այս անգամ սպասել:
Շուշանիկ Գրիգորյան - Մի 2 ժամ կլինի, գնացել եմ, եկա, բայց հերթս չի հասնում բալես: Նեղվում եմ, բայց, դե, հիմա որ սենց ա, ինչ անեմ, մեր ձեռը չի:
Քանի հոգի ա հերթում սպասո՞ւմ. 178 հոգի: Ու դուք ուզում եք գնաք: Ու ես գնում եմ: Պետք ա ընդամենը մի հատ սոցքարտ վերականգնեի:
Հերթերի 80 տոկոսը Երևանում է, երբեմն՝ նաև մարզկենտրոններում: Ծանրաբեռնված են համարվում հատկապես Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի, Էրեբունու, Շենգավիթի, Կենտրոնի բաժանմունքները:
Ելենա Մելքումյան - Երկու ժամ՝ պասպորտի վերաթողարկման համար: Հա, ավարտվել ա ժամկետը, նորն ենք ուզում: Ինչքան պետք է սպասեք, հետաքրքրվե՞լ եք: Արդեն ավարտվում ա, մի 10 րոպե մնաց:
Արաքսի Ստեփանյան-Մուսալլի - Տասը ու կեսին եկանք, ահա մեր հերթը 1 է, հիմա երևի կհասնեն հերթերը: Ըսին, որ մոտ է, 97 է հերթներս: Նորմալ կաշխադին, բայց օվիր ասին, որ 6 ժամ կհասնի հերթը:
Հարութ Մինասյան - Որ ներսը հարցրանք, ասին՝ 1,5-2 ժամ պիտի սպասենք... Պարտավոր ենք մնանք, կանգնենք, մինչև որ հերթը գա, նորից գնանք, վերադառնանք էս թրաֆիքի մեջ:
Բայց, օրինակ, Նուբարաշենի բաժանմունքը գրեթե առանց հերթերի է աշխատում՝ վստահեցնում է Անձնագրային և վիզաների վարչության պետը:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ) - Բազմիցս մենք մեր հանրությանը տեղեկացրել ենք, որ եթե ՀՀ քաղաքացին, ունենալով հաշվառում, նոր անձնագիր ստանալու կամ իր անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության կնիքի ժամկետը երկարացնելու համար, անհրաժեշտություն չունի ներկայանալ անպայման իր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն, այլ կարող են դիմել ՀՀ-ում գործող ցանկացած անձնագրային ծառայություն:
Սա իրավիճակից դուրս գալու տարբերակներից մեկն է՝ վստահեցնում է Մկրտչյանը: Հավելում, այս շրջանում բոլոր բաժանմունքներում աշխատում են ամբողջ անձնակազմով:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ) - Յուրաքանչյուր տարի մենք միշտ մեր քաղաքացիներին հորդորել ենք, որ իրենց անձնագրային գործողությունները, արձակուրդ մեկնելու կապակցությամբ, չթողնեն ամռանը, կատարեն նախօրոք, որ խուսափեն նման հերթերից, բայց մեծ մասամբ մեր քաղաքացիները ուղղակի մի քանի օր, շատ դեպքերում մի քանի ժամ առաջ են դիմում այդ գործողությունը կատարելու համար: Սա պատճառներից մեկն է:
Իր խոսքերը հիմնավորելու համար Արա Մկրտչյանը ներկայացնում է՝ այս տարվա առանձնահատկությունը՝ թվերի տեսքով:
- Այս տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 19-ը 12 հազարից ավելի գործարք է կատարվել հին նմուշի, 1957 գործարք՝ նոր նմուշի անձնագրերի, 21 հազար 600-ից ավելի՝ նույնականացման քարտի հետ կապված: 9400-ով ավելացել է կնիքի վավերացման գործարքը, 6700-ով հաշվառման և վարչության պետի խոսքով՝ ռեկորդային ավելացում կա հանրային ծառայությունների համարանիշի՝ սոցքարտի գործարքներում: Նույն ժամանակահատվածում 2568-ով կամ մոտ 300 տոկոսով էլ ավելացել է քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը:
Արա Մկրտչյան - Այսօր դուք Երևանում չեք գտնի որևէ մեկ ստորաբաժանում, որ փակ կլինի ժամը 17:01: Մեր քաղաքացիները, ովքեր տվյալ օրվա հերթի կտրոն ունեն, սպասարկվում են մինչև վերջին քաղաքացին:
Իսկ եթե որևէ ստորաբաժանումում հերթի տերմինալը կտրոն չտա, դա նշանակում է, որ այդ օրվա ընթացքում առավելագույն կտրոն է տպվել, և տվյալ քանակից ավելի քաղաքացու սպասարկումը հնարավոր չէ՝ ասում է Մկրտչյանը: Հորդորում նաև քաղաքացիներին՝ մեկից ավելի կտրոն չվերցնել, քանի որ սա ևս հավելյալ ժամանակի կորուստ է՝ հաճախ կտրոնի, այսպես ասած, տերերը չեն գալիս: Նման հերթերի դեմ պայքարի խորքային լուծում անձնագրային և վիզաների վարչության պետը համարում է իրենց գործառույթների թվայնացումը, որն իրականացվում է «Թվային Հայաստան» ծրագրով:
Արա Մկրտչյան - Այդ ծրագրի շրջանակներում ամեն կերպ քննարկվում է, որ վերջնական տեսքով ունենանք այնպիսի լուծում, որ քաղաքացին հնարավորինս քիչ ֆիզիկապես գա անձնագրային ծառայություն՝ որևէ գործառույթ կատարելու համար և հնարավորինս շատ ծառայություններ թվայնացվեն, ինչը արմատական լուծում կհանդիսանա նման իրավիճակների համար: Ծրագիրը գործուն իրականացման փուլում է:
Կառավարությունում և ոստիկանությունում մտադիր են թվայնացման ամբողջ գործընթացը ավարտել մինչև 2023-ի ավարտը: Վերջում անձնագրային և վիզաների վարչության պետը հիշեցնում է՝ հանրապետությունում 63 անձնագրային բաժանմունք է գործում, 14-ը Երևանում: Թե որ բաժանմունքում այդ պահին հերթ կա, որում ոչ՝ առաջարկում է թեժ գծից ճշտել: