Աղյուսակում կանաչը գոհի, կարմիրը՝ դժգոհության գույնն է․ հարցումը ցույց է տալիս, որ արտահանող-ներմուծող բիզնեսը միջինում 56 տոկոսով դրական է գնահատել ապրանքների հայտարարագման և այլ գործընթացներում էլեկտրոնային ծառայությունների որակը։ ՊԵԿ-ի աշխատանքի այս վերլուծությունն իրականացվել է «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի ավարտին։ Նախագծի պատասխանատուն վստահեցնում է․ արդյունքը հաջողված է, ներկայացված առաջարկները քննարկել են․․․
Արման Վաթյան («Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի թիմի ղեկավար) - Դա կբերի բավական լուրջ փոփոխությունների՝ կապված Հայաստանի տնտեսական վիճակի և առևտրի հետ, և սահմանանցումը բավական կփոխվի․․․
Բարեփոխումը պետք է այնպես արվի, որ թե՛ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող գործարարը, թե՛ երկրի սահմանը հատող քաղաքացին մաքսայինի հետ շփման ժամանակ զգան, որ իրենց կյանքում մի բան լավացել-հեշտացել է՝ ծրագրի ամփոփմանը հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը։
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Մենք ոչ միայն թղթի վրա բարեփոխում ենք կատարել, նշել մեր նպատակների մասին, այլև ունենք կոնկրետ լուծումներ, իրավական ակտեր, որոնք միտված են ներդնելու էտալոնային մոդելները, և մենք վերակառուցում ենք թե՛ բիզնես-մոդելները, թե՛ նույնիսկ շենքային պայմանները համապատասխանեցնում ենք նոր մաքսային բիզնես-պրոցեսներին:
Փոփոխությունները կնպաստեն մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ընթացակարգերի պարզեցմանը՝ հույս է հայտնել դեսպան Գալագերը։ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամն» է ֆինանսավորել ծրագիրը։ Իրականացրել է այն Համաշխարհային բանկը։
Կարոլին Գեգինատ (Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն) - Մաքսային վարչարարության զարգացման ծրագիրն իրականացվել է հաջողությամբ, ինչը, միանշանակ, պայմանավորված է ամբողջ գործընթացում Պետական եկամուտների կոմիտեի դրսևորած պատրաստակամությամբ և վճռականությամբ՝ մաքսային բարեփոխումներն ավարտին հասցնելու գործում:
Ծրագրի առաջին փուլի ձեռքբերումը սահմանային անցման կետերի և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների էտալոնային մոդելների մշակումն է։ ՊԵԿ-ում վստահ են, որ Համաշխարհային բանկը կշարունակի օժանդակել Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումներին։
Անահիտ Բասենցյան («Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի համակարգող) - Նախատեսվում է որ կիրականացվի աջակցություն հարկ վճարողների սպասարկման որոլտի բարեփոխման, ՏՏ ենթակառուցվածքների և ՊԵԿ կարողությունների զարգացման համար:
Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է մաքսային ոլորտում ունենալ՝ ՊԵԿ-ի զարգացման ռազմավարության վրա հիմնված առաջիկա 5 տարվա անելիքների պլան, նաև՝ մոնիթորինգի հնարավորություն, որ պարզի՝ արված աշխատանքն իրո՞ք հեշտացրեց բիզնեսի գործը։