ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող՝ հուլիսի 20-ին տեղի ունեցած Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցել և ելույթով է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
«Հարգելի նախագահ,
Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար պատիվ է ելույթով հանդես գալ Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին։
Այս ֆորումը ևս մեկ հնարավորություն է՝ ընդգծելու մեր հանձնառությունը 2030 օրակարգին, նրա նպատակներին և թիրախներին՝ կառուցելու ավելի լավ, անվտանգ և մաքուր աշխարհ բոլորի համար:
Մենք վերահաստատում ենք Հայաստանի լիակատար աջակցությունն ու հանձնառությունը Կայուն զարգացման նպատակներին։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ազգային ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը 2030 թվականի օրակարգի նպատակներին և թիրախներին համապատասխանեցնելու ուղղությամբ՝ վերջնական նպատակ ունենալով մեր քաղաքացիների համար ստեղծել ապահով և ժողովրդավարական միջավայր և երաշխավորել նրանց հավասար իրավունքները, ազատություններն ու ապրուստի հնարավորությունները։
Անշուշտ, համաշխարհային կորոնավիրուսային համաճարակը խափանեց կայուն զարգացում ապահովելու մեր ջանքերը։ COVID-19 համաճարակի տնտեսական ազդեցությունը և, մասնավորապես, դրա ազդեցությունը զարգացող երկրների և հատուկ իրավիճակներում գտնվող երկրների վրա, պատվաստանյութերի սկզբնական անհասանելիությունը և առաջնահերթությունների ընդհանուր փոփոխությունը սահմանափակել են մեր համատեղ գործողությունները Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ։
Այժմ, երբ մենք հաղթահարել ենք այն, ինչ մենք կարող ենք անվանել «համաճարակային ցնցում», իրապես ժամանակն է վերահաստատելու հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների լիարժեք իրականացմանը:
Չնայած համավարակին և հակամարտությանը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին, որ Ադրբեջանը հրահրեց՝ անտեսելով համավարակի ընթացքում գլոբալ հրադադարի մասին Գլխավոր քարտուղարի կոչը, Հայաստանը շարունակել է իրականացնել երկրում նախատեսված լայնածավալ բարեփոխումները։
Տիկնայք և պարոնայք,
Որակյալ կրթությունը առանցքային է տոկուն և ստեղծագործ հասարակություններ կառուցելու համար: Հայաստանի կառավարությունը քննարկումներ է սկսել կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի շուրջ՝ նպաստելու հասարակության վերափոխմանը, երիտասարդների համար թվային գրագիտության, տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների հասանելիությանը և ուսուցման երկարաժամկետ հնարավորությունների ապահովմանը:
Գենդերային հավասարության հետ կապված խնդիրները նույնպես մնում են մեր բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունը: Կանանց հզորացումը, հավասար մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում Հայաստանի կարևոր առաջնահերթություններից է։
Շրջակա միջավայրի առնչությամբ նշեմ, որ Հայաստանը կլիմայի փոփոխության առումով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում 4-րդ առավել խոցելի երկիրն է և բախվում է շրջակա միջավայրի դեգրադացիայի հետ կապված բազմաթիվ մարտահրավերների։ Մենք հստակ միջոցներ ենք ձեռնարկում վտանգված էկոհամակարգերի պաշտպանության և մեր միջազգային պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել միջազգային համագործակցության ոլորտում՝ նպատակ ունենալով աշխուժացնել աջակցությունը բնապահպանական ծրագրերի իրականացմանը՝ հնարավոր ազդեցությունների և մեղմման կարողությունների զարգացման ուղղությամբ:
Հարգելի գործընկերներ,
Ընդունելով 2030 օրակարգը՝ համաշխարհային հանրությունը հանձնառություն ստանձնեց չանտեսելու ոչ ոքի։ Մենք պետք է հավատարիմ մնանք այս խոստմանը և համոզված լինենք, որ զարգացումը հասանելի է բոլորի համար՝ անկախ նրանց ազգությունից կամ դրա բացակայությունից, գտնվելու վայրից կամ կարգավիճակից:
Հակամարտության գոտիների բնակիչները մարդկանց ամենախոցելի խմբերից են՝ զուրկ զարգացման պաշտոնական աջակցությունից կամ միջազգային համագործակցությունից։ Մենք բոլորս պետք է ձգտենք ապահովել նրանց զարգացումն ու իրավունքները՝ առանց որևէ խտրականության»,- ասել է Վահե Գևորգյանը։