Էլեկտրոնային սկուտերները կամ, այսպես ասած, «ինքնագլորները» հարմար, վերջին մի քանի տարում նաև արդիական փոխադրամիջոց են: Իսկ դրանք մեր երկրում անվտանգ են թե ոչ՝ ինչպես այն վարողների, այնպես էլ հետիոտների համար. հարցը հետաքրքրում է շատերին, կարծիքները տարբեր են:
«Հերացի» վերլուծական կենտրոնը օրեր առաջ ամփոփել է Երևանի պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային բաժանմունքներում ինքնագլոր վարելու հետևանքով գրանցված դեպքերը: Պարզվում է՝ մարտի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն են ցուցաբերել 38 մարդու: Տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը, եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով:
Վիկտոր Մնացականյան (քաղաքային պլանավորող) - Գիտեք` լավ բան է, բայց մայթերում չէ, փողոցներում, շուտով մենք կունենանք շատ ավելի վատ դժբախտ դեպքեր:
Քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ պետք է հստակեցնել, որ ինքնագլորները տրանսպորտային միջոցներ են, և դրանք իրավունք ունեն տեղ գտնել միայն և միայն փողոցներում, ու ոչ` մայթերում: Նրա համոզմամբ՝ քաղաքացիների դժգոհությունը պայմանավորված է ենթակառուցվածքների բացակայությամբ, սակայն ոլորտն արժե զարգացնել, ինչի համար անհրաժեշտ են օրենսդրական ու ենթաօրենսդրական կարգավորումներ:
Վիկտոր Մնացականյան - Արագությունը պետք է սահմանափակել և հասարակական վայրերում քշելը: Պետությունը, հատկապես` Երևանի քաղաքապետարանը, պետք է օր առաջ նոր առանձնացված գծեր ունենա հեծանիվների, սամակատների համար:
Շատ դեպքերում ինքնագլորները ստիպված են վարում մայթերով, որովհետև փողոցի որոշակի հատված առանձնացված չէ դրանց համար: Մնացականյանի համոզմամբ՝ էլեկտրական ինքնագլորները պետության պարտադրանքով հասարակական գոտիներում պետք է սահմանափակվեն, նվազեցվի արագության չափը:
Վիկտոր Մնացականյան - 18-ից աշխարհում էլեկտրական ինքնագնացները շատ մեծ թափ ունեն, Երևանում 2 տարուց ավելի է` շատ ակտիվ աշխատում են, 2 տարուց ավելի է` որևէ պետական մարմին ցանկություն չի հայտնել, որ կարգավորի:
Հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը` Երևանի այգիներից մեկի տնօրինությունը հայտարարություն տարածեց, որ որոշում են կայացրել այգու ամբողջ տարածքում արգելել ինքնագլորների օգտագործումը` նշելով, որ այգու փոքրիկ այցելուների անվտանգ ու հաճելի ժամանցն ապահովելը իրենց համար առաջնային է:
Վիկտոր Մնացականյան - Երևանում 30 կմ/ժամ... Դուք հասկանո՞ւմ եք՝ միջադեպերը համարժեք են, որ 20-30 արագության տակ մեքենան խփի երեխային:
Արդյունքում՝ որտե՞ղ է կարելի վարել, որտեղ՝ ոչ, ինչպես անել, որ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցից տուժողներ չլինեն, ու ի՞նչ կարգավորումներ են սպասվում: «Լուրեր»-ը հետաքրքրվեց Երևանի քաղաքապետարանից, բայց պատասխանեցին, որ իրավական առումով ոչ մի հստակեցում չկա, և իրենք լիազորություն ու լծակ չունեն: Ոստիկանության տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խորհրդակցության ժամանակ քննարկել են նաև մոպեդների և ինքնագլորների խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ Կայացված որոշումների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: