ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Համակարգում աշխատող բոլոր դատավորները, դատախազները, քննիչներն ու քրեակատարողական համակարգի աշխատակիցները բարեվարքության ստուգում կանցնեն: Կոռուպցիայի դեմ պայքարի այս նոր գործիքն ամրագրված է դատաիրավական բարեփոխումների 22-26 թվականների ռազմավարությամբ, որն այսօր հաստատեց գործադիրը: Ոլորտը ղեկավարող Կարեն Անդրեասյանը 260 էջանոց փաստաթղթից առանձնացրեց ամենակարևոր կետերը: Առաջիկա ամիսներին կգործարկվի հակակոռուպցիոն դատարանների եռաստիճան շղթան՝ համակարգը պատրաստ է՝ օրենսդրական բազան կա, կադրային ու շենքային հարցերն էլ լուծված են: Շուտով կլուծվեն նաև դատական գործընթացների թվայնացման հարցերը, կներդրվի էլեկտրոնային արդարադատությունը:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Սա չի վերաբերում միայն դատարաններին, այլ վերաբերում է նաև քրեական արդարադատության ամբողջ համակարգին, նախաքննության մարմինների թվայնացմանը: Այս ուղղությամբ դատախազության հետ աշխատանքներում մոտ ենք, որ քննիչների և դատախազների հետ կապված ամբողջ գործընթացները թվայնացվեն, և վարույթները փոխանցվեն թվային եղանակով:
Թղթաբանությունն ու քաշքշուկը կրճատելու նպատակով սկսվում է քաղաքացիական դատավարության թվայնացումը: Մրցույթի հաղթողը կա, չզեկուցվող հարցերից մեկով գործադիրը 348 մլն հատկացրեց:
Կարեն Անդրեասյան - Փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ, ապացույցներ ներկայացնել, գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի: Օրենսդրական որոշակի լուծումներով կարող են դատական քննություններ անցկացվել օնլայն՝ առանց մարդու կամ փաստաբանների դատարան այցելելու
Նույն սկզբունքով՝ օնլայն տարբերակով նոտարական ծառայություններից օգտվելն էլ հնարավոր կդառնա՝ ասաց նախարարը: Բարեփոխվելու է նաև հարկադիր կատարման համակարգը, թվայանացվելու է սնանկության գործընթացում աճուրդների անցկացումը՝ բացառելով կոռուպցիոն երևույթները: Դատարանների ծանրաբեռնվածությունն էլ թոթափելու համար կկիրառվի վեճերի այլընտրանքային լուծման համակարգը, կստեղծվի մասնավոր արբիտրաժային կենտրոն:
Կարեն Անդրեասյան - այս մասնավոր արբիտրաժային կենտրոնին պետությունը կտրամադրի բավական աջակցություն, որպեսզի հետո այդ կենտրոնը լիարժեք գործի ազատ պետությունից, և այստեղ լուծվելու են ոչ միայն մասնավոր ներազգային խնդիրները, այլև սա կարող է դառնալ տարածաշրջանային ու միջազգային վեճերի լուծման հարթակ:
Կենտրոնի ստեղծումը վարչապետն էլ կարևորեց հատկապես օտարերկրյա ներդրումների տեսանկյունից, ասաց՝ վեճերը լուծելու համար կարող են մասնագետներ հրավիրվել, հարցը տեղում կարգավորել: Խոսելով բարեփոխումների արդյունավետությունից՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ կան քննադատություններ, ինքն էլ հաճախ դժգոհել է ընթացքից, բայց միջազգային գործընկերներն այս հարցում այլ գնահատական են տալիս: ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի զեկույցում մեր երկիրը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ անկախ դատական համակարգ ունենալու հարցում, առաջատար է՝ շեշտեց նա:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Շատ ծավալուն փաստաթուղթ է, և այդ ծավալուն փաստաթղթին մենք Կառավարության նիստերում դեռ բազմիցս անդրադառնալու առիթ կունենանք, բայց տարբեր օրենքի նախագծեր պիտի ընդունենք սրա հետ կապված, Կառավարության որոշումներ կլինեն և այլն, բայց մի բան համոզված ենք, որ որակյալ ռազմավարություն ենք ստացել և հետևողական քայլերով առաջ գնալու դեպքում մենք մեր լիդերությունը՝ անկախ դատական համակարգ ունենալու, մասնավորապես՝ արևելյան գործընկերության պլատֆորմում, ոչ միայն կպահպահենք, այլև կամրապնդենք:
Կարևորելով ռազմավարության ընդունումը՝ վարչապետն էլ ընդգծեց՝ բարեփոխումների մի հսկա հատվածը ուղիղ կապված է թվային օրակարգի հետ: Ասաց՝ առանձին վերցրած ոլորտում թվայնացում տեղի ունենալ չի կարող, պետք է համակարգային աշխատանք լինի: Անկյունաքարային սկզբունքը փոխգործելությունն է: Նախարարն էլ հավելեց՝ փոփոխություններ են նախատեսվում նաև փաստաբանության դաշտում. սոցիալապես անապահով քաղաքացիներն անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն կունենան: Ռազմավարական կարևոր քայլ է նաև ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը, նախագիծն առաջիկա ամիսներին կներկայացվի Կառավարությանը, ապա ԱԺ-ին՝ նշեց Անդրեասյանը:
ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԳՆՎԻ 175 ՄԵՔԵՆԱ
Մեկ այլ հարցով էլ 3 մլրդ 107 մլն դրամ հատկացվեց Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար 175 ամենագնաց մեքենա ձեռք բերելուն: Գնումը կկատարվի մեկ անձից, «Տոյոտա-Երևան» ընկերությունից՝ ասաց ոստիկանության պետը: Ղազարյանի խոսքով՝ դեռ մայիսի 23-ին մրցույթ էր հայտարարվել, բայց մասնակից չէր եղել: Ապա դիմել էին հանրահայտ ավտոապրանքանիշների հայաստանյան բոլոր պաշտոնական ներկայացուցիչներին, սակայն հայտարարված տեխնիկական բնութագրով, մինչև նոյեմբերի 15-ը մեքենաներ մատակարարելու պարտավորություն ստանձնել էր միայն «Տոյոտա Երևան»-ը՝ ամբողջական կանխավճարի դիմաց: Վարչապետը նկատեց՝ հարցը զեկուցվող է, քանի որ կան զգայուն ձևակերպումներ: Թափանցիկ քննարկումը կարևորելով՝ նա շեշտեց՝ որոշումը կայացրել են ոստիկանության բարեփոխումների խորհրդում տեղի ունեցած մի քանի քննարկման արդյունքում:
Նիկոլ Փաշինյան - Խնդիրն այն է, որ մեքենաների առաջարկի հետ կապված պրոբլեմ ունենք: Մյուս ընկերություններն ընդհանրապես արձանագրում են, որ մեզ անհրաժեշտ ժամկետներում չեն կարող մատակարարել մեքենաներ:
Խնդիրը ոչ միայն քանակի մեջ է, այլև մեքենաների չափերի, փոխանցման տուփի տեսակի, նաև՝ գույնի: Ի սկզբանե որոշված սպիտակը պահել չի հաջողվում՝ նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Մեր ընտրությունը հետևյալի մեջ է. կա՛մ մենք կանգնեցնում ենք պարեկային ոստիկանության հետագա զարգացումը, մինչև կունենանք մեքենաների շուկայում խնդրի լուծում, կա՛մ շարունակում ենք: Մեր քաղաքական որոշումն է, որ մենք չենք կարող որոշումը կանգնեցնել:
Տնտեսական մեկ այլ որոշմամբ էլ 3 մարզի 27 բնակավայրում կվերանորոգվեն խմելու ջրի մատակարարման ցանցերը, կվերանորոգվեն կամ կկառուցվեն ամբողջովին նոր ջրի մաքրիչ կայաններ:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Ծրագիրը բավականին մեծ է, նախատեսվում է իրականացնել 2022-2024 թվականների ընթացքում, որի համար կպահանջվի 6 մլրդ 200 մլն դրամ գումար: Այս տարի անհրաժեշտ է հատկացնել 2 մլրդ 468 մլն դրամ, որպեսզի պայմանագրերը կնքվեն, և ծրագրերը սկսեն աշխատել:
Արարատի մարզում՝ երկու քաղաք՝ Արտաշատում ու Մասիսում, նաև 18 գյուղում կիրականացվի ծրագիրը: Գեղարքունիքում՝ 5 բնակավայրում, Սյունիքում էլ՝ Մեղրի և Ագարակ քաղաքներում: 6.2 միլիարդից շուրջ 2 միլիարդը կուղղվի հենց Մեղրու և Ագարակի ջրի մաքրման նոր կայանների կառուցմանը՝ հավելեց Սանոսյանը: Ըստ նրա՝ ընտրված բոլոր բնակավայրերը «Վեոլիա ջրի» սպասարկման տիրույթում են: Վարչապետն էլ նկատեց.
Նիկոլ Փաշինյան - «Վեոլիա ջրի» հետ մենք ունենք կնքած պայմանագիր, գործընկերային հարաբերություններ: Իրենք ունեն պարտավորություններ, Կառավարությունն ունի պարտավորություններ, և համակարգը կառավարելու համար մենք պետք է ճշգրիտ կատարենք մեր պարտավորությունները: Արդյունքում պետք է շահի սպառողը, քաղաքացին:
Գործադիրը հաստատեց նաև. 2016-ի քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմների մասնակիցները, որոնք գործազուրկ են, աշխատանքի տեղավորման հարցում կստանան աջակցություն: Առաջին բաղադրիչով շահառուի համար մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում կկազմակերպվի կա՛մ գործատուի մոտ, կա՛մ նրա կողմից ընտրված ուսումնական հաստատությունում, կա՛մ միասնական սոցիալական ծառայության կողմից առաջարկվող կազմակերպությունում: Սովորելու ընթացքում շահառուին կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամի չափով, կրթաթոշակ` նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք 50 հազարը բավարա՞ր է ուսուցում ստանալու համար:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար), Նիկոլ Փաշինյան - Իսկ եթե դեպք կա, որ ուսման վարձն ավելի՞ն է:
- Մենք իրականում իրականացրել ենք, նման փորձառություն ունենք, և էս 50 հազար դրամի հնարավոր է լինում:
- Չէ, նկատի ունեմ դիտարկենք, չլինի էնպիսի դեպք, որ մարդը ուզում է սովորի, և 50 հազարը չի հերիքում:
- Ըստ էության, սրանք կարճատև վերապատրաստման ծրագրեր են, ու մենք ԿԳՄՍ-ի հետ համատեղ ենք սա քննարկել:
- Այսինքն՝ տեսնել եք, որ բավարար է:
- Այո:
Երկրորդ տարբերակի դեպքում շահառուն երեք ամիս փորձաշրջան կանցնի գործատուի մոտ, այդ դեպքում պետությունը կփոխհատուցի նվազագույն աշխատավարձի չափով՝ պրակտիկայի համար նախատեսված աշխատավճարը: Իսկ երրորդ բաղադրիչով, եթե շահառուն միանգամից աշխատանքի անցնի, ապա գործատուն 300 հազար դրամ միանվագ փոխհատուցում կստանա՝ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում:
Հարցը վարչապետը կարևորեց, ասաց՝ դիտարկումները ցույց են տալիս՝ պատերազմի մասնակիցները աշխատանք գտնելու հարցում խնդիրներ ունեն, ու հենց նրանց հետ քննարկումների արդյունքում որոշվեց իրականացնել այս ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև մոնիթորինգի իրականցման անհրաժետությունը՝ պարզելու համար՝ որքանով է արդյունավետ լինելու ներգրավվածությունը, և արդյոք դրա իրական հասցեատերերը թողնելո՞ւ են գործազուրկի կարգավիճակը: