Եվրոպայում անոմալ շոգ է, տարածաշրջանի տարբեր հատվածներում ջերմաստիճանը գերազանցել է 47-ը: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կանխատեսմամբ՝ եվրոպացիները կտառապեն ևս մի քանի օր:
Իսպանիայում և Պորտուգալիայում բարձր ջերմաստիճանի պատճառով արձանագրվել է 1500-ից ավելի մահվան դեպք: Լրատվամիջոցների տվյալով՝ խոսքը հիմնականում տարեցների մասին է: Փորձագետները զգուշացնում են՝ ստեղծված իրավիճակը գլոբալ տաքացման հետևանք է, մեծ է երաշտի սպառնալիքը: Հաճախակիացել են անտառային հրդեհները, հրշեջները և փրկարարները փորձում են դիմակայել մոլեգնող կրակին, տարհանվում են հազարավոր մարդիկ:
Բարդ իրավիճակ է ստեղծվել հատկապես Ֆրանսիայի հարավարևմտյան բնակավայրերում, Բորդո քաղաքն ամբողջությամբ պատվել է ծխով։ Երկրում հրդեհների հետևանքով ոչնչացվել է շուրջ 27.000 հեկտար անտառատարածք։ Փարիզի բնակիչները թաքնվում են շոգից քաղաքային զբոսայգիներում, ջրանցքներում, նույնիսկ՝ շատրվաններում:
Հրդեհների թիրախում են Գերմանիան, Իսպանիան, Իտալիան. տեղական իշխանությունների տվյալով՝ մահացել և տուժել են նաև հրշեջներ, հայտարարվել է վտանգի բարձր մակարդակ:
Հրդեհներ են բռնկվել Հունաստանում, մասնավորապես՝ Աթենքի շրջակայքում, կրակի մարման աշխատանքը բարդացել է ուժեղ քամու պատճառով: Մարդկանց տարհանել են մի շարք բնակելի շենքերից և հիվանդանոցներից: Հունաստանում հրդեհները մարելու համար հրշեջներ են ժամանել նաև հարևան երկրներից:
Մեծ Բրիտանիան հալչում է, հայտնում են բրիտանական թերթերի գլխագրերը: Ջերմաստիճանը երկրում մոտեցել է 40-ին՝ գերազանցելով 2019 թվականին գրանցված առավելագույն՝ 38,7 ցուցանիշը։ Երկաթուղային ծառայությունները հորդորում են մարդկանց ճանապարհորդել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, քանի որ շոգը կարող է դեֆորմացնել ռելսերը, առաջացնել էլեկտրամատակարարման խափանումներ: Բրիտանական որոշ դպրոցներ հետաձգել են դասերը։ Լոնդոնում ավերիչ հրդեհների պատճառով բնակիչները տարհանվում են, տեղում աշխատում են հարյուրավոր հրշեջներ։
ՄԱԿ-ի տվյալով՝ համապատասխան միջոցառումների բացակայության դեպքում առաջիկա 28 տարվա ընթացքում անտառային հրդեհները կավելանան 30%-ով: