Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը, վարչապետի պաշտոնի համար ներկուսակցական պայքարի ֆավորիտն է համարվում: YouGov կազմակերպության վերջին հարցման համաձայն՝ Թրասը ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակից եզրափակիչ քվեարկության ժամանակ կարող է առաջ անցնել 19 տոկոսային կետով:
Նախօրեին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Թրասն (113 ձայն) ու Սունակը (137 ձայն) դուրս եկան Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնի համար պայքարի վերջին փուլ՝ նվազագույն տարբերությամբ առաջ անցնելով արտաքին առևտրի նախարարի տեղակալ Փենի Մորդոնտից (105 ձայն):
Ընտրությունների եզրափակիչ փուլի քվեարկությանը կմասնակցեն կուսակցության բոլոր անդամները՝ փոստով։ Արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին, երբ խորհրդարանը վերսկսի աշխատանքն ամառային արձակուրդից հետո:
Իսկ ավելի վաղ հրաժարական տված Բորիս Ջոնսոնը երեկ խորհրդարանում հանդես է եկել հրաժեշտի ելույթով: Նա շնորհակալություն է հայտնել Համայնքների պալատի անդամներին և մյուս գործընկերներին և խորհուրդներ տվել հաջորդ վարչապետին: Մասնավորապես, նա հորդորել է «ավելի մոտ լինել ԱՄՆ-ին», «պաշտպանել ուկրաինացիներին և ազատությունն ամբողջ աշխարհում», ինչպես նաև կրճատել հարկերն ու երկրի տնտեսության մեջ թուլացնել պետական կարգավորումը:
Ջոնսոնի եզրափակիչ բառերը եղել են հանրահայտ «Տերմինատորը 2-դատաստանի օրը» ֆիլմի՝ Առնոլդ Շվարցենեգերի մարմնավորած գլխավոր հերոսի խոսքերից «Hasta la vista, baby» (Մինչ նոր հանդիպում, փոքրիկս-խմբ.) արտահայտությունը: