Պետական գնումների համակարգը շարունակում է բազմաթիվ խնդիրներով աշխատել: Կառավարությունը համակարգը կատարելագործելու փնտրտուքների մեջ է, ոսկե միջինը գտնել դեռ չի հաջողվել: Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է գնումների համակարգի զարգացման հայեցակարգի նախագիծը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Շատ դեպքերում ամենէժան գին առաջարկող ընկերությունը միշտ չէ, որ առաջարկում է ոչ միայն ամենաորակով, այլև, ընդհանրապես՝ որակով ծառայություն: Երկրորդը՝ շատ դեպքերում մենք խնդիրներ ենք ունենում ոչ թե գնի և որակի, այլ կատարվածի ժամանակի և արագության հետ: Մյուս դեպքերում՝ շատ հաճախ մենք խնդիր ենք ունենում, որ ստիպված ենք լինում մեկ անձից գնում իրականացնել: Այսօր էլ Կառավարության նիստում այդպիսի դեպք ունեցանք: Իհարկե, սա օբյեկտիվ, ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաև ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար:
Վարչապետի համոզմամբ՝ գնումների և, ընդհանրապես, պետական համակարգը ժամանակի ֆինանսական գնահատման ոչ մի մեխանիզմ չունի: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գնումների ընթացակարգը շատ դեպքերում երկար է ձգվում այն պատճառով, որ պարտվողը դատի է տալիս հաղթողին, պրոցեսը երկար ժամանակ է տևում, հետո հաղթողն է դատի տալիս պարտվողին, հետո երկուսով են դատի տալիս կառավարությանը:
Արդյունքում՝ ծրագրերը կա՛մ չեն իրականացվում, կա՛մ իրականացվում են նախատեսվածից մեկ կամ երկու տարի ուշ:
Նիկոլ Փաշինյան - Մենք մեթոդ չունենք հաշվելու, թե ուշ իրականացման հետևանքով պետությունը որքան գումար կորցրեց: Հնարավոր է, ենթադրենք՝ 3 մլն դրամի շուրջ 4 տարի դատական վեճ ունենանք, բայց ոչ ոք չի հաշվում` այդ ընթացքում պետությունը շահե՞ց, թե՞ չշահեց: Հնարավոր է, որ մի քանի միլիարդ դրամ կորցրեցինք: Ընդ որում, այսպիսի դեպքերում նաև բարոյական վնասի խնդիր կա:
Կառավարության ղեկավարը հիշեցրեց դեպքը, երբ գյուղական բնակավայրերից մեկում դպրոցի շենքի կառուցման շինարարությունը դատական գործընթացների պատճառով 1.5 տարի ձգձգվեց, նշեց՝ մինչև օրս հայտնի չէ, թե այն երբ կավարտվի:
Նիկոլ Փաշինյան - Իրականում մենք ամեն ինչ կարողանում ենք գնանշել, ամեն ինչ՝ բացարձակապես, բացի ամենաթանկարժեք բանից, իսկ ամենաթանկ բանը ժամանակն է: Մինչ այս պահը գոնե ես չեմ հանդիպել, որ ունենանք ժամանակը գնանշելու մեթոդաբանություն:
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև գնումների համակարգում առկա խնդիրներին, էլեկտրոնային համակարգի ոչ արդիական վիճակին, գործընթացի պլանավորմանն ու ընթացակարգերին: Ռազմավարության նախագծով նախատեսվում է գնման ընթացակարգերի թվայնացում, գործիքակազմերի արդիականացում, գնումների մասնագետների վերապատրաստում, կարողությունների զարգացում և պայմանագրերի կառավարման գործընթացի բարելավում: