Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ 2022թ. պետբյուջեում վերաբաշխում ու փոփոխություններ կատարելու և Ոստիկանությանը գումար հատկացնելու վերաբերյալ:
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը զեկուցել է, որ որոշման նպատակն է՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում 2023թ. հունվարից նոր ձևավորվող պարեկային ծառայության համար ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերման իրավական հիմքի ապահովումն ու ֆինանսավորումը:
Մասնավորապես, նախատեսվում է ձեռք բերել 175 ավտոտրանսպորտային միջոց՝ հատկացնելով 3,107,5 մլն ՀՀ դրամ։ Գործընթացն իրականացվելու է մեկ անձից գնման ընթացակարգով:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ քննարկվող հարցն ունի նախապատմություն, և թափանցիկության սկզբունքների շրջանակում կարևոր է մանրամասն ներկայացնել, թե ինչի մասին է խոսքը. «Մենք հիմա անցել ենք Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում պարեկային ոստիկանության ներդրման գործընթացին, որի ամենամեծ ֆինանսական կտորը թերևս մեքենաների ձեռքբերումն էր: Այն որոշումը, որ պարոն Ղազարյանը ներկայացրեց, մենք կայացրել ենք Ոստիկանության բարեփոխումների խորհրդում տեղի ունեցած մի քանի քննարկումների արդյունքում: Ընդ որում, այդ խորհրդում ընդգրկված են և՛ պետական գերատեսչությունների, և՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ուզում եմ հիշեցնել, որ երբ Շիրակի և Լոռու մարզերում տեղի ունեցավ գործընթացը, մեծ խմբաքանակ ավտոմեքենաների գնումներ տեղի ունեցան, դրանից հետո որոշակի հրապարակումներ եղան, ընդհուպ այնպիսիք, թե այդ մեքենաների մեջ 6 բարձրախոս կա, և ինչի ենք գումար ծախսել, 6 բարձրախոսով մեքենա գնել, ինչի՞ է պետք, որ ոստիկանական մեքենայում 6 դինամիկ լինի, կարող էր 2-ը, 4-ը, 1-ը լինել, կարող էր լինել, թե չլինել, կարելի էր արդյոք մեքենան գնել ավելի էժան գնով և այդպես շարունակ: Ես հարկ եմ համարել, որպեսզի Ոստիկանության բարեփոխումների խորհրդում բոլոր այս հարցերը քննարկվեն: Բարձրախոսների հարցին երևի 40 րոպե տրամադրել ենք, թե ինչու ենք 6 բարձրախոսով մեքենա գնել: Ընդ որում, ինձ համար էլ էր կարևոր, կարծում եմ՝ բոլորիս համար էր կարևոր, որովհետև դրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան: Ես հիմա բոլոր մանրամասները չեմ կիսի ձեզ հետ, չնայած իրականում հետաքրքիր են, որովհետև ընթացակարգեր կան, որոնք առաջին հայացքից չեն երևում:
Իմիջիայլոց, կարծում եմ՝ կարող ենք այդ քննարկումների արդյունքները նաև լուսաբանել, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչի մասին է խոսքը:
Հաջորդ խնդիրն ուղեկցում է Պարեկային ոստիկանության հիմնադրմանը: Գիտեք, որ կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով ավտոմեքենաների շուկայում մեծ հարցեր են առաջացել՝ շուկայում ավտոմեքենաների դեֆիցիտ կա: Մենք այս փուլում արձանագրել ենք և Ոստիկանության պետն ասաց, որ բացի այն, որ մրցույթ է հրավիրվել, նաև հրավիրվել են Հայաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչները, նրանց ասվել է, որ մեզ պետք են այս պարամետրերով մեքենաներ:
Ընդ որում, Ոստիկանության բարեփոխումների խորհրդում էլ քննարկել ենք նաև այդ հարցը, թե ինչու ենք մենք այս պարամետրի մեքենա ընտրում և ոչ թե մեկ ուրիշ, ընդհուպ քննարկել ենք, թե ինչու է մեր տեխնիկական առաջադրանքի մեջ գրած մեքենայի երկարությունն այսքան և ոչ թե 5 սմ դրանից պակաս, ավելի և այսպես շարունակ: Արձանագրել ենք, որ մեքենաների առաջարկի հետ կապված խնդիր ունենք, այսինքն՝ մյուս ընկերություններն արձանագրում են, որ ընդհանրապես մեզ անհրաժեշտ ժամկետներում չեն կարող մատակարարել մեքենաներ: Եթե նկատել եք, Շիրակի և Լոռու մարզերում Պարեկային ոստիկանության մեքենաները սև գույնի են, Երևանում՝ սպիտակ:
Այդտեղ էլ խնդիր կա. ի սկզբանե որոշված էր, որ պետք է լինեն սպիտակ, բայց նախորդ փուլում մենք արձանագրեցինք, որ եթե շարունակենք պահել սպիտակի պայմանը, մեքենա չենք ունենա, որովհետև կրկին մեկ ընկերություն էր մեզ առաջարկում այդ պարամետրի մեքենա՝ արձանագրելով, որ կարող է բերել միայն սև գույնի մեքենա, եթե մենք սպիտակի պայմանը դնենք, ինքը չի կարողանա ներկրել: Մենք գնացինք այդ լուծմանը, այդ կոմպրոմիսին: Հիմա այս պարագայում ունենք խնդիր. մեքենա կարող է բերել կրկին մեկ ընկերություն՝ «Տոյոտա Երևան»-ը, բայց այս պարագայում էլ չի կարող բերել այն մեքենաներից, որոնք ձեռք ենք բերել Շիրակի և Լոռու մարզերի համար: Այդտեղ, անկեղծ ասած, դիսկոմֆորտ ունենք, որովհետև ստացվում է, որ մեքենաների տեսականին ավելի լայն է, սակայն ճիշտ կլիներ, որ 1-2 մոդել լինեին: Բայց հիմա պարզվում է, որ 4 մարզերի համար ոչ միայն չենք կարող նախորդ մոդելներից բերել, ոչ միայն չենք կարող կրկին սպիտակ գույնի բերել, չնայած այս պարագայում կարծես հնարավոր էր, սակայն մեզ կարծես սևն ավելի է դուր եկել, բայց կա խնդիր: Կա մեկ մոդելի մեքենա, որը շատ թե քիչ մոտ է մեր պարամետրերին և այդ մեքենաներից ոչ բոլորը կարող են լինել ավտոմատ փոխանցման տուփով՝ մի մասը մեխանիկական փոխանցման տուփով կլինեն, մի մասը՝ ավտոմատ: Մեր ընտրությունը հետևյալի մեջ է. կամ կանգնեցնում ենք Պարեկային ոստիկանության հետագա զարգացումը, մինչև կունենանք մեքենաների շուկայում խնդրի լուծում, կամ շարունակում ենք: Մեր քաղաքական որոշումն է, որ չենք կարող գործընթացը կանգնեցնել: Այս դեպքում արդեն, նաև ժամանակ չկորցնելու համար ուղիղ գնում ենք անում, որովհետև պոտենցիալ բոլոր մասնակիցներն արձանագրել են, ընդ որում՝ նաև պաշտոնապես է արձանագրվել, որ իրենք չեն կարողանալու այդ հարցը լուծել:
Որպեսզի ժամանակ շահենք, իհարկե, այնտեղ փոքրկազմակերպական խորամանկություններ ունենք. 4 մարզերի համար այս մոդելի մեքենաներն ամենագնացներ են, մտածել ենք, որ, փորձենք այս մեքենաներից մեկ խմբաքանակ ավելի շուտ բերել, դրանք տրամադրել Շիրակի և Լոռու մարզերին, այնտեղից սեդաններ վերցնել, որովհետև արդյունավետության համար ճիշտ կլինի, որ 4 մարզերում թեկուզ քիչ քանակությամբ, բայց, այնուամենայնիվ, մայրուղիների վրա հերթապահության համար նաև սեդաններ ունենալ: Նաև սա է պատճառը, որ նորից մրցույթ չենք հայտարարում որովհետև կանխատեսելի է, թե ով է մրցույթում հաղթելու և ինչ պայմաններով:
Այս ընթացակարգով ենք գնում՝ առաջին խմբաքանակը հնարավորինս շուտ բերելու և մեքենաների ներքին վերաբաշխումներն իրականացնելու համար: Սա է պատմությունը: Կրկին ուզում եմ ընդգծել, որ հրապարակային ասված ամեն բառ Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստում իմ մասնակցությամբ քննարկվել է, բոլոր հարցերի պատասխանները տրվել են: Իհարկե, հույս ունեմ՝ հարցերը բարձրացրած անձինք իրենք կասեն, որ դրանք քննարկվել են և ինչ պատասխաններ են ստացվել, բայց եթե չասեն էլ, մենք կարող ենք լուսաբանել, որովհետև բոլոր հարցերի պատասխաններն ունենք»: