Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2022թ. պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ կատարելու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ որոշման նպատակն է՝ գնման գործընթաց կազմակերպել ՀՀ 3 մարզի 27 բնակավայրի համար. ամիսներ առաջ հայտարարվել է պայմանով մրցույթ գնման նման ընթացակարգով՝ այդ բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ցանցերը/ջրի մաքրիչ կայանները վերանորոգելու կամ ամբողջովին նորերը կառուցելու համար, հիմա անհրաժեշտ է սկսել շինարարական աշխատանքները:
Ծրագիրը նախատեսված է 2022-2024թթ. իրականացնելու համար, ընդհանուր արժեքը՝ 6 մլրդ 200 մլն ՀՀ դրամ գումար: Այս տարի անհրաժեշտ է հատկացնել 2 մլրդ 468 մլն ՀՀ դրամ, որից 2 մլրդ 414 մլն ՀՀ դրամը՝ շինարարության համար, 37 մլն ՀՀ դրամը՝ տեխնիկական և 15.8 մլն ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության:
Վարչապետ Փաշինյանը նշել է այն բնակավայրերը, որտեղ իրականացվելու է նշված ծրագիրը. «Ըստ էության, արձանագրենք, որ սրանով մենք 6.2 մլրդ դրամի ներդրումային ծրագիր ենք սկսում՝ խմելու ջրի ցանցերի վերականգնման համար: Եվ հիմա այն բնակավայրերում, որոնց անունը կբարձրաձայնվի, որոշ հատվածներում ընդհանրապես ջրագիծ չկա, և ջրագիծ կկառուցվի, իսկ այնտեղ, որտեղ կա, վերակառուցում և նոր ջրագծեր կլինեն: Խոսքը հետևյալ բնակավայրերի մասին է. հիմնական մասը Արարատի մարզի բնակավայրեր են՝ Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքներ, Ազատավան, Բերդիկ, Բուրաստան, Շահումյան, Ոստան, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Ներքին Դվին, Նոր Ուղի, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Ղուկասավան, Նոր Կյուրի, Սիսավան, Արալեզ, Արբատ, Խաչփառ և Մխչյան գյուղեր, Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրեր՝ Ներքին Գետաշեն, Վարսեր, Վահան, Կարմիրգյուղ և Սարուխան գյուղեր և Սյունիքի մարզի երկու բնակավայրեր՝ Մեղրի և Ագարակ քաղաքներ: Հարգելի գործընկերներ, դուք հիշում եք, որ Կառավարության նիստում վերջին շրջանում մենք հատ-հատ բարձրաձայնում ենք այդ ծրագրերը, և նաև ես ի սկզբանե ասել եմ, որ կոնկրետ ծրագրերի բարձրաձայնման նպատակը ոչ միայն իրազեկելն է հանրությանը, թե մենք ինչ գործողություններ ենք անում, այլև հանրության արձագանքներն ստանալը, թե ինչպես են տեղերում այդ աշխատանքներն իրականացվել: Պիտի ասեմ, որ նախորդ շրջանում մեր բարձրաձայնած ծրագրերից մեկ-երկուսի վերաբերյալ ունենք նեգատիվ արձագանքներ այն մասին, որ պատշաճ ձևով չի իրականացվել ծրագիրը կամ այն տեղում չի իրականացվել, որ պետք է իրականացվեր: Կարող ենք արձանագրել, որ սրանով հասել ենք նպատակին, որպեսզի նաև հանրությունը լիարժեք տեղեկանա: Այժմ մեկ դեպքով կարծես թե ունենք ծառայողական քննություն՝ Պետական վերահսկողության ծառայությունն է զբաղվում, նաև Տարածքային կառավարմանև ենթակառուցվածքների նախարարությունը: Եվ եթե հետագա քննարկման ընթացքում ի հայտ գա անհրաժեշտություն՝ նյութեր ուղարկել իրավապահ մարմիններին, նյութերը կուղարկվեն նաև իրավապահ մարմիններին»:
Գ. Սանոսյանի պարզաբանմամբ՝ նշված բնակավայրերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դրանք «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տիրույթում են, և կան կարգավորման ենթակա խնդիրներ: Մասնավորապես, Արարատի մարզի 20 բնակավայրերը և ևս 50 բնակավայր հիմնականում Գառնիի աղբյուրների ջրով և տեղում պոմպերով են ջրամատակարարումն ապահովում, ծրագրում ներառված 20 բնակավայրը գտնվում են ամենավատ վիճակում:
Մեղրիի և Ագարակի պարագայում ամբողջովին կառուցվելու են ջրի մաքրման նոր կայաններ. Ագարակի մաքրման կայանը կառուցվել է 1960-ական թթ., որի ոչ միայն վիճակը լավ չէ, այլև հզորությունը չի բավարարում:
Նույնը վերաբերում է նաև Մեղրիին: 6.2 մլրդ ՀՀ դրամից շուրջ 2 մլրդ ՀՀ դրամն ուղղվելու է Մեղրիում և Ագարակում ջրի մաքրման նոր կայանների կառուցմանը: Վարչապետը նկատել է, որ թե՛ ոռոգման, թե խմելու ջրի ամենամեծ պրոբլեմը համակարգում տեղի ունեցող կորուստներն են, և կա կորուստների 2 ուղղություն:
«Մի մասը վարչարարության կորուստներ են՝ չֆիքսված գծեր կամ, ենթադրենք, տեղում ինչ-որ ստվերային գործարքներ, բայց հիմնական՝ շատ մեծ մասն այն է, որ ջրի մատակարարման համակարգը մաշված, քայքայված է, այսինքն՝ ջուրը խողովակով գնալու փոխարեն լցվում է հողի մեջ և տեղ չի հասնում՝ ենթադրենք, 100 լ ջուր ենք բաց թողնում, նշանակության կետ հասնում է երբեմն 40 լ, 30 լ, 20 լ, և բնականաբար, ջուրը սպառողներին չի հասնում», - ասել է Կառավարության ղեկավարը և անդրադարձել նաև «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությանը:
««Վեոլիա ջուր» ընկերության հետ մենք ունենք կնքած պայմանագիր, գործընկերային հարաբերություններ, իրենք ունեն պարտավորություններ, Կառավարությունն ունի պարտավորություններ, և համակարգն արդյունավետ կառավարելու համար մենք պետք է փոխադարձաբար մեր պարտավորությունները հնարավորինս ժամանակին և ճշգրիտ կատարենք: Արդյունքում, իհարկե, պետք է շահի սպառողը, քաղաքացին», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: