Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էբրահիմ Ռայիսին և Ռեջեփ Էրդողանը համատեղ հայտարարություն են տարածել Թեհրանում Աստանայի եռյակի գագաթնաժողովից հետո։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Քննարկումների հիմնական հարցը եղել է Սիրիայի իրադրության կարգավորումը։ Կողմերը եկել են այն եզրակացության, որ ճգնաժամը կարող են լուծել իրենք՝ սիրիացիները՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, բայց ոչ թե ռազմական, այլ միայն դիվանագիտական ճանապարհով:
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան մերժել են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով երկրում նոր իրողություններ ստեղծելու փորձերը, այդ թվում՝ անօրինական ինքնակառավարման նախաձեռնությունները։ Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել դիմակայելու անջատողական տրամադրություններին։
Աստանայի եռյակի առաջնորդները դատապարտել են Իսրայելի շարունակվող հարձակումները Սիրիայի վրա, ներառյալ Գոլանի բարձունքի գրավումը և քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծումը, դրանք ճանաչել են որպես միջազգային մարդասիրական իրավունքի, երկրի անկախության և ամբողջականության խախտում։
Բացի այդ, Պուտինը, Էրդողանը և Ռայիսին մերժել են Սիրիայի դեմ ուղղված բոլոր միակողմանի պատժամիջոցները։
Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել երկրում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ և իրենց անհամաձայնությունն արտահայտել միջազգային իրավունքին հակասող բոլոր սահմանափակումներին:
Աստանայի եռյակի առաջնորդները կոչ են արել ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին առանց նախապայմանների, քաղաքականացման և խտրականության մեծացնել օգնությունը Սիրիայի բնակչությանը։