Նորք-Մարաշում կոյուղաջրերը մի քանի ամիս է՝ հոսում են փողոցով, լցվում շենքերի բակ: Ամիսներ առաջ մասնագետները եկել, տարածքը գծագրել, մի քանի խողովակ են առանձնացրել ու անվերադարձ գնացել: Գարեգին Հովսեփյան փողոցի բնակիչները ամեն օր են առնչվում նույն խնդրին:
Ատոմ Պողոսյան - Էդ ձևի ջուր քաղաքում ոչ մի տեղ չկա, ոչ մի տեղ չկա ըտենց կոյուղի: Ե՛վ «Վեոլիային» ենք գրել, դիմել և՛ քաղաքապետարանին, և՛ թաղապետարանին: Էս ա, նույն կարգավիճակը, ոնց կա՝ ըտենց էլ մնացել ա՝ 7.5 ամիս ա:
Ոչ միայն խմելու ջրի, այլև կոյուղու հարցը Երևանում կարգավորում է մասնավոր «Վեոլիա ջուր» ընկերությունը: Մեր նկարահանման պահին «Վեոլիայի» մասնագետները տարածքում աշխատանքներ էին անում: Վերանորոգում էին ոչ թե վթարված կոյուղին, այլ խմելու ջրագիծը: Ամբողջ կեղտաջուրը լցվել էր բաժանարար փոսը: Աշխատակիցները հրաժարվեցին խոսել, մեր զանգերին էլ գրասենյակից չպատասխանեցին:
Սարգիս Բուլղադարյան - Դե շատ հաճելի ա, նամանավանդ, որ + 42 աստիճան շոգին էս հոտն ավելի կրկնապատկվում, եռապատկվում ու քառապատկվում ա: Մեքենան էլ ստեղ ենք կանգնացնում, մեջով անցնում ենք, հետո սալոնն ա մտնում ջրոտ ոտքերով էդ հոտը, մի խոսքով, ամենաանմարդկային պայմանները:
Հարևանությամբ գործող բուքմեյքերական ընկերության աշխատակիցները գարշահոտությունից խուսափելու համար մի քանի անգամ իրենց միջոցներով են կեղտաջուրը հեռացրել, բայց ապարդյուն, ջուրն անդադար հոսում է:
Մարիամ Հովհաննիսյան - Դե, բնականաբար, հաճելի չի: Շատ տհաճ ա, ու երկար ժամանակ լուծում չի տրվում:
Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը նշեց, որ խնդիրն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է, փողոցի տվյալ հատվածը «Վեոլիա ջրի» քարտեզում չկա, և իրենք իրենց միջոցներով են փորձում մինչև խնդրի հիմնական լուծում գտնելը տեղային լուծումներ տալ. կեղտաջուրը տասը օրը մեկ մեքենաներով հեռացնում են: Գարեգին Հովսեփյան փողոցի այդ հատվածում բացակայում է կոյուղատար համակարգը:
Սերգեյ Սարգսյան (Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) - «Վեոլիա ջուրը» մեզ տեղեկացնում է, որ ինքը էդտեղ սպասարկող գիծ չունի, մասնավորները պնդում են, որ ժամանակին էդտեղ ինչ-որ կոյուղատար համակարգ գործել է, և ինչ-ինչ խնդիրներով ժամանակին շինարարություններ են արվել, և գիծը կտրվել է: Մեր կողմից բազմիցս քանդման աշխատանքներ կատարվել են, փորձել ենք վթարավերականգնողական աշխատանքներ կատարել, բայց, ըստ էության, գիծը չենք էլ կարողացել գտնել:
Սերգեյ Սարգսյանը տեղեկացրեց, որ խնդրին ամբողջական լուծում տալու համար հայտարարել են նախագծման մրցույթ, որ Հովսեփյան փողոցից մինչև Արմենակյան՝ զրոյից նոր կոյուղատար համակարգ կառուցվի: Թե ի՛նչ ժամկետում այն կկառուցվի՝ հավանաբար պարզ կլինի մրցույթի ավարտից հետո: