Հայաստանի ամենազբոսաշրջային ճանապարհներից մեկը՝ Նորավանք տանող 8.1 կմ-ն այս օրերին հիմնանորոգվում է: 1984-ից հետո՝ առաջին անգամ:
Արման Սարգսյան (ինժեներ) - Ճանապարհային հատվածում ընդգրկված են արհեստական կառուցվածքներ, խողովակներ, երկաթբետոնե, մետաղական, ունենք 3 հատ կամուրջ, մեկ ուղղանկյուն խողովակ: Խողովակները երկար տարիներ շահագործվելու տեսանկյունից անմխիթար վիճակում էին գտնվում՝ խցանված:
Զբոսաշրջային գերակտիվ սեզոնը տեմպերին չի խանգարում: Սկսել են հունիսի 18-ին, բայց արդեն ճանապարհի շուրջ 6 կմ-ը խոշորահատիկ ասֆալտի 6 սմ շերտով են պատել, հաջորդ շաբաթ էլ խոստանում են տեղադրել մանրահատիկ 4 սմ շերտը:
Արման Սարգսյան - Զգում ենք, որ շատ կարևոր նշանակություն ունի, տուրիստական ճանապարհ է, հենց այս քանդման ժամանակ էլ տուրիստները բազմաթիվ են, օրական 4-5 հազար մարդ է այցելում՝ մեր տեղեկություններով: Ճանապարհը շատ գեղեցիկ է լինելու, կահավորված:
Շուրջ 40 տարի անց հիմնանորոգվող ճանապարհի տեխհսկիչը 1984-ին այն կառուցած նույն Սերյոժա Գասպարյանն է:
Սերյոժա Գասպարյան (տեխհսկիչ) - Ես կատարեցի հիմքի և ծածկի աշխատանքները, 84 թ. հոկտեմբերի 10-ին վերջին ասֆալտը փռեցինք Նորավանքի ճանապարհին:
Ասում է՝ ճանապարհի երկարակեցության գաղտնիքն այն էր, որ ծանրաքաշ մեքենաներ դրանով չեն երթևեկել: Վստահեցնում է՝ սա էլ երկար կծառայի:
Սերյոժա Գասպարյան - Կատարվում է ըստ նախագծի ամեն ինչ, հիմքի և ծածկի աշխատանքները: Ոչ միայն բավարար, այլև բարձր որակով են արվում, ես որպես տեխնիկական հսկիչ չեմ ասում, ասում եմ լավ աշխատանքի առիթով:
Պետությունը ճանապարհի հիմնանորոգման համար 620 մլն դրամ է հատկացրել: Հայաստանի տուրիստական վայրեր տանող ճանապարհների բարեկարգումը պետության առաջնահերթություններից է՝ նշում է աշխատանքների ընթացքն ու որակը գնահատելու եկած ՏԿԵ նախարարը:
Գնել Սանոսյան (ՀՀ ՏԿԵ նախարար) - Բազմաթիվ վայրերում ունենք դեպի մեր տաճարներ, եկեղեցիներ, պատմամշակութային կոթողներ գնացող ճանապարհների վերանորոգումներ կամ հիմնանորոգումներ, որոնցից մեկն էլ Նորավանքի ճանապարհն է, որ բավական վաղուց էր վերանորոգվել, բայց հարկ համարեցինք ուսումնասիրությունների արդյունքում ամբողջովին հիմնանորոգել և երկու շերտ ասֆալտապատում իրականացնել՝ նպատակ ունենալով, որ երկար ծառայի մեր ազգաբնակչությանը:
Սանոսյանը տեմպերից գոհ է, նշում է՝ ամբողջ հանրապետությունում է ճանապարհաշինությունը եռուն փուլում:
Գնել Սանոսյան - Մենք երեք ուղղությամբ ենք քաղաքականություն վարում՝ սահմանամերձ համայնքներում ճանապարհները բարեկարգել և ցանցը խտացնել, մյուսը՝ տուրիստական վայրեր գնացող ճանապարհները բարեկարգել որպես ենթակառուցվածք, երրորդը հանրապետության մյուս ճանապարհներն են:
Վայոց ձորի մարզպետը վստահ է՝ Նորավանքի ճանապարհի կառուցումը դրական ազդեցություն կունենա մարզի կյանքում:
Արարատ Գրիգորյան (Վայոց ձորի մարզպետ) - Մեր մարզի հիմնական զարգացման ուղղություններից մեկը տուրիստական է, և դեպի Նորավանք գնացող ճանապարհն իր ենթակառուցվածքներով էական դեր կունենա մարզի ճանաչման հարցում: Աճ ենք ունենալու, նաև տուրիստներն են շատ գոհ ու շնորհակալ:
Վայոց ձորում այս տարի, ընդհանուր առմամբ, 130 կմ ճանապարհ է բարեկարգվում:
Արարատ Գրիգորյան - Համայնքային ենթակայության ճանապարհներ են վերանորոգվում, նաև հանդամիջյան ճանապարհներ են վերանորոգվում: Դա սուբվենցիոն ծրագրերով: Իսկ պետական միջոցներով մենք Վայոց ձորով անցնող ամբողջ ճանապարհահատվածը՝ Մ2-ը, վերանորոգվել է, շատ քիչ հատված է մնացել, որ չենք վերանորոգել:
Եղեգնաձորից Վայք գնացող շուրջ 13 կմ-ի հերթն էլ շուտով կհասնի: Նաև դեպի Հերհեր ու Կարմրաշեն գնացող ճանապարհները կհիմնանորոգվեն: