Մետրոպոլիտենում ռումբ չի հայտնաբերվել, ահազանգը կեղծ էր. մոտ 5 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո գնացքները նորից ռելսերի վրա են:
Տեղադրված պայթուցիկ սարքերի մասին ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել էր 12։57-ին: Մետրոյի 10 կայարանի դռները փակվել էին կեսօրից հետո՝ 13.30-ին, ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել էին:
Դրսում քաղաքացիներն էին սպասում, ներսում աշխատում էին Արտակարգ իրավիճակների նախարարության, նաև ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերը: Կեղծ ռումբի մասին ահազանգը էլեկտրոնային նամակի տեսքով առաջինը քաղաքապետարան է ուղարկվել:
Հրանտ Ճաղարյան (ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետ) - Այսօր կեսօրին երևանի քաղաքապետարանից 911 ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է եկել այն մասին, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում տեղադրված են պայթուցիկ սարքեր, և անհայտ ժամկետներում կարող են դրանք գործի դրվել:
Նամակը ստացվել է անհայտ աղբյուրից՝ ասում է Հրանտ Ճաղարյանը: Դրա իսկությունը ստուգելու և մետրոպոլիտենի՝ որպես ռազմավարական օբյեկտի բնականոն աշխատանքը վերականգնելու համար մանրակրկիտ ստուգվել են 10 կայարաններն էլ: ԱԻՆ փոխգնդապետի խոսքով՝ պայթուցիկ սարք տեղադրելու մասին սա այս տարվա արդեն 26-րդ կեղծ ահազանգի դեպքն է:
Հրանտ Ճաղարյան - Հիմնականում դրանք, այսպես ասած, խրոնիկ տարածքներ են, ինչպես գիտեք, մարդաշատ վայրերն են, կուտակումների տեղերը՝ «Զվարթնոց» օդանավակայանը, մեր մոլերը: Եթե չեմ սխալվում, մետրոպոլիտենն այս անգամ առաջինն էր կամ երկրորդը, մաքսիմում երկու անգամ է եղել, բավականին շատ՝ 6-7 անգամ: «Զվարթնոց»-ի վերաբերյալ ենք ստացել ռումբի տեղադրման վերաբերյալ հաղորդագրություն, հիմնականում լինում են էլեկտրոնային հաղորդագրության տեսքով:
Մետրոյում ռումբ տեղադրելու վերաբերյալ կեղծ ահազանգի հետքերով այժմ իրավապահներն են գնում: Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ ստացված հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ դեպքի կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար՝ «Լուրեր»-ին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդականը: