Հիմնադրվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:
«Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
Կազմակերպության նպատակներն են Հայաստանում սպորտային ծրագրավորման զարգացումը, ծրագրավորման օլիմպիադաների դերի մեծացումը և մասսայականացումը` նպաստելով միջազգային մրցույթներում Հայաստանի դպրոցականների և ուսանողների արդյունքների բարելավմանը:
Նորաստեղծ ֆեդերացիան քայլեր կձեռնարկի ՀՀ ողջ տարածքում ծրագրավորման մրցույթներ կազմակերպելու, օլիմպիական ծրագրավորմամբ հետաքրքրվող ուսանողների և դպրոցականների համար ուսումնական հավաքներ անցկացնելու ուղղությամբ: Առաջնային խնդիրներից են մրցույթների համար ծրագրերի ապահովման նախագծումը և մշակումը, կայքերի պատրաստումը, ինչպես նաև սպորտային ծրագրավորման ուսումնական պլանների և ձեռնարկների պատրաստումը և տպագրումը, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը:
Ֆեդերացիան կաջակցի տարածաշրջանային, հանրապետական և միջազգային կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանը` օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի դպրոցականների և ուսանողների` ծրագրավորման միջազգային օլիմպիադաներին և հավաքներին մասնակցությանը:
Նորաստեղծ ֆեդերացիայի կանոնադրությամբ սահմանվում է, որ իր առջև դրված նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների հետ:
Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած, ՀՀ կամ օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձ կամ իրավաբանական անձ, որն ընդունում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:
Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է կազմակերպության գործադիր մարմնին՝ նախագահին: Կազմակերպության անդամների համար անդամավճար չի սահմանվում:
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Երևանի պետական համալսարանում անցկացվել է աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթի՝ ICPC-ի («Այ Սի Փի Սի»)՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը, որի արդյունքում ԵՊՀ Yerevan SU-2813 թիմը դուրս է եկել եզրափակիչ:
Մրցույթի եզրափակիչը 2023 թվականին տեղի կունենա Եգիպտոսում:
Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիայի կազմում ընդգրկվել են այդ մրցույթի ակունքներում կանգնած անձինք: