Առաջին անգամ հաստատվել է պետգույքի կառավարման բարեփոխումների ռազմավարությունը: Այս փաստաթղթով վեր են հանվում համակարգի խնդիրները, զուգահեռ լուծումներ առաջարկվում: Ոլորտի պատասխանատուն վստահ է՝ փոփոխությունները կնպաստեն թե՛ տնտեսական միջավայրի բարելավմանը, թե՛ ներդրումային ծրագրերի ակտիվացմանը, թե՛ բյուջետային մուտքերի ավելացմանը:
Առնակ Ավետիսյան (ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ) - Մենք տեսնում ենք պետական բազմաթիվ շենք-շինություններ, որոնց օգտագործման մակարդակը և արդյունավետությունը չի կարող գոհացնող լինել, և մենք առաջարկում ենք արդյունավետությունը բարձրացնել, այդ գույքը և միջոցները՝ պետական ու չօգտագործվող, ծառայեցնել տնտեսական զարգացման և պետական եկամուտների ավելացման նպատակներին:
Առաջնային է համարվում նոր՝ առավել պարզ մեխանիզմների ներդրումը, որը կվերաբերի և՛ վարձակալությանը, և՛ անհատույց օգտագործմանն ու օտարմանը: Նպատակ ունեն պետական գույքի կառավարման ամբողջ գործընթացը թղթաբանականից տեղափոխել թվային հարթակ, ինչը կարագացնի, կպարզեցնի ու ավելի թափանցիկ կդարձնի գործարքների ընթացքը: Ավետիսյանն անդրադառնում է նաև քննադատություններին, որոնք հնչում են, երբ պետությունը որոշում է որևէ գույք վաճառել:
Առնակ Ավետիսյան - Մենք ֆիքսում ենք, որ պետությունը պետք է ունենա և պահի իր հաշվեկշռում այնքան գույք, որքան հարկավոր է պետական ֆունկցիաներն իրականացնելու համար: Այն գույքերը, որոնք փաստացի չեն ծառայում պետական նպատակների, այդ գույքերը ինչ-ինչ մեխանիզմներով պետք է փոխանցվեն մասնավոր ոլորտին, որպեսզի կարողանան օգտագործվել, և դրանց միջոցով հավելյալ արդյունք ստեղծվի, նոր աշխատատեղեր ստեղծվեն, ներդրումներ իրականացվեն:
Ավետիսյանի խոսքով` երբ պետությունը գույք է օտարում, ձեռք բերողը ստանձնում է ներդրում կատարելու պարտավորություն: Եվ եթե ինչ-ինչ պատճառներով չի կատարում պարտավորությունները, գույքը վերադարձվում է պետության հաշվեկշիռ: Այսպես էլ տնտեսական ակտիվության գործակիցն են բարձրացնում: Այս տարի իրականացված օտարումներով 10 մլրդ դրամի ներդրումային պարտավորություններ են ֆիքսվել, ընդ որում` գնված գույքի գրավադրմամբ.
«2022-ի առաջին կիսամյակում օտարման 9 գործարք է կատարել պետությունը՝ մոտ 7.6 մլրդ դրամ արժեքով, որից 3,5 մլրդ-ն արդեն վճարվել է պետբյուջե, մյուսը մասը ձեռք բերողը տարաժամկետ կվճարի: Նույն ժամանակահատվածում վարձակալության դիմաց բյուջե է մտել 200 մլն դրամ: 137 մլն դրամ էլ կազմել են կապի սարքավորումների ու սպասարկման վարձավճարները: Եվս 70 մլն-ի շարժական գույք է օտարվել: Բյուջե ընդհանուր մուտքերի թիվն այս տարի արդեն գերազանցում է 4 մլրդը, նախորդ տարվա՝ 1, 2020-ի՝ 1,5, 2019-ի մոտ կես մլրդի համեմատ: Վերջին լավագույն ցուցանիշը 2018-ին էր գրանցվել` ընդհանուր մուտքերի 3,3 մլրդ դրամ արդյունքով»:
Առնակ Ավետիսյան - Ռազմավարության ընդունումից հետո մենք պլանավորում ենք այս տարվա ընթացքում արդեն իսկ ներկայացնել Կառավարության պետական գույքի կառավարման գործընթացների հետ կապված նոր կարգավորումներ՝ լինի պետական գույքի վարձակալության նոր կարգը, պետական անհատույց օգտագործման նոր կարգը, ներդրումային պարտավորությունների վերահսկողության նոր կարգը, օտարման նոր կարգը, որոնք կլինեն շատ ավելի պարզեցված գործընթացներ:
Ավետիսյանը վստահ է` այս տարի արդեն դաշտն ամբողջովին կվերափոխեն, իսկ արդյունքներն արդեն կփաստվեն առաջիկա տարիների թվային տվյալներով: