Հուլիսի 19-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն։
Մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ, ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը:
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում տրանսպորտային պարկի վիճակագրական տվյալները, երթևեկության վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներն ու իրականացված ծրագրերի վերլուծությունները։
Մայրաքաղաքում խցանումներն ու հապաղումները հնարավորինս նվազեցնելու և առավել անվտանգ երթևեկություն ունենալու համար ճանապարհային ոստիկանությունը ներկայացրել է Երևանի 23 խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք կյանքի կոչելուց հետո էականորեն կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները, երթևեկության հապաղումներն ու խցանումները, կմեծանա խաչմերուկների թողունակությունը, կավելանան հետիոտնային անցումները և այլն։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում առաջարկներով հանդես է եկել նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը։
Ներկաները հիմնականում դրական են գնահատել ներկայացված առաջարկներն ու պայմանավորվել շարունակել համատեղ աշխատանքը։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև մոպեդների և ինքնագլորների խնդրի կարգավորման և մայրաքաղաքի երթևեկության կազմակերպմանը վերաբերող այլ հարցեր։