Թեհրանը երբեք չի հանդուրժի Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակումը՝ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդն Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Այս սկզբունքային դիրքորոշումը Ալի Խամենեին հնչեցրել էր նաև ավելի վաղ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը:
Ալի Խամենեի (Իրանի հոգևոր առաջնորդ) - Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը:
ԻԻՀ-ՌԴ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Խամենեին և Պուտինն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Հոգևոր առաջնորդի խոսքով՝ հարկավոր է համատեղ ուժերով դիմակայել Արևմուտքի խաբեություններին, կյանքի կոչել գազի և նավթի ոլորտում երկու երկրների միջև ձեռք բերված բազմաթիվ պայմանավորվածությունները։ Խամենեին խոսել է նաև Ուկրաինայում զարգացումների մասին:
Ալի Խամենեի - Պատերազմը դաժան բան է: Իսլամական Հանրապետությանը հաճելի չէ, որ անմեղ մարդիկ են մահանում։ Սակայն այս դեպքում, եթե Դուք նման նախաձեռնությամբ հանդես չգայիք, հակառակ կողմը պատերազմ կսկսեր։
Անդրադառնալով Սիրիային՝ Խամենեին շեշտել է՝ Թեհրանը դեմ է այդ երկրում ռազմական գործողությանը։
Պուտինը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են հենց Արևմուտքին, դրանք հանգեցնում են նավթի գների բարձրացման և պարենային ճգնաժամի:
Թեհրանում տեղի է ունեցել նաև Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպումը: Էբրահիմ Ռայիսին ընդգծել է Սիրիայի հարցում երկկողմ հաջող համագործակցությունը:
Էբրահիմ Ռայիսի (Իրանի նախագահ) - Մենք մեծ փորձ ենք կուտակել սիրիական ուղղությամբ: Կարծում եմ՝ մեր գործակցության արդյունքում տարածաշրջանն ավելի անվտանգ է դարձել: Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում մենք հասել ենք նախանշված նպատակներին:
Կողմերը բարձր են գնահատել երկրների միջև գործակցության զարգացման դինամիկան՝ հատկապես տնտեսության, անվտանգության, էներգետիկայի, առևտրի ոլորտներում, գոհունակությամբ շեշտել, որ վերջին կես տարում Ռուսաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 40 տոկոսով: Պուտինը ուշադրություն է հրավիրել երկու երկրների միջև ենթակառուցվածքների զարգացման հնարավորության վրա։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ռուսաստանի փոխվարչապետներից մեկի գլխավորությամբ գործում է խումբ, որը զբաղվում է Անդրկովկասում հարաբերությունների ձևավորմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ, Հարավային Կովկասում ենթակառուցվածքային հարցերի կարգավորմամբ. խոսքը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մասին է։ Այս համատեքստում իրանական ուղղությամբ շատ բան կարելի է անել:
ՌԴ նախագահն առանձնացրել է Իրանի տարածքում 146 կմ երկարությամբ Ռեշտ-Աստարա երկաթգծի նախագիծը, որի կառուցմամբ Մոսկվան հետաքրքրված է: Այն ռուսական կողմին հնարավորություն կտա Ադրբեջանի և Իրանի տարածքով դուրս գալ Պարսից ծոց:
ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եղել են Պուտինի և Էրդողանի երկկողմ հանդիպման առանցքում:
Վլադիմիր Պուտին - Սիրիական կարգավորման հետ կապված շատ հարցեր կան: Երկկողմ հեռանկարային նախագծերն առաջ են շարժվում: Իհարկե, մեր տեսադաշտում է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Վերջերս եմ Կասպյան համաժողովի շրջանակներում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ:
Էրդողանը, իր հերթին, բարձրաձայնել է Սիրիայի հյուսիսային շրջաններում քրդական ուժերի հետ կապված մտահոգությունները:
Ռեջեփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Մենք լի ենք վճռականությամբ Սիրիայից վտարել այն ուժերին, որոնք վտանգում են մեր ազգային անվտանգությունը: Այս փուլում կշարունակենք մեր անզիջում պայքարն ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Պետք է հստակ հասկանալ, որ մեր տարածաշրջանի ապագայում տեղ չկան անջատողական ահաբեկչությանը և դրա դրսևորումներին:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆԸ
Անդրադարձ է եղել նաև ուկրաինական հացահատիկի արտահանմանը և այդ հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև բանակցությունների կարևորությանը: Էրդողանն ընդգծել է այդ հարցում ռուսական պատվիրակության կառուցողական դիրքորոշումը, իսկ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ առաջընթաց հաջողվել է գրանցել հենց Թուրքիայի ջանքերի շնորհիվ:
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով եզրափակիչ համատեղ հայտարարությամբ կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, հանձնառությունը ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև եռակողմ գործակցության ամրապնդման պատրաստակամությունը: