Թանգարանի այցելուները հիմա միայն շինարարներն են: Այս օրվան դիլիջանցիները երկար են սպասել: Նորոգվում է Դիլիջանի ամենահին և ինքնատիպ շինություններից մեկը, որն ինքնին թանգարանային արժեք է: Այն թեև կանգուն է մեկ դարից ավելի, սակայն երբևէ հիմնովին չի նորոգվել: Շենքի տեխնիկական վիճակը գնահատվել է վնասվածության 3-րդ աստիճանի:
Թանգարանի պատասխանատուների բնորոշմամբ՝ սա շենքի փրկության ծրագիր է:
Գայանե Ասլանյան (Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի փոխտնօրեն) - Սա մեծ իրադարձություն է ոչ միայն թանգարանի կամ ժողարվեստին մոտ կանգնած մարդկանց համար, այլ ամբողջ Հայաստանի համար, որովհետև սա պատմաճարտարապետական շենք է, նաև պատմական է այն առումով, որ էստեղ եղել են մեր մեծերը՝ Շանթ, Թումանյան, Սիրանույշ, պատկառելի հայ մտավորականներ, և ամեն անգամ շենք մտնելիս գիտակցում ենք, թե ուր ենք մտնում:
126 տարի առաջ կառուցված առանձնատունը թեև եղել է հայտնի իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, սակայն ավելի շատ մի յուրօրինակ Վերնատուն էր, հայ գրողների, արվեստի գործիչների յուրօրինակ հավաքատեղի: Իսկ 4,5 տասնամյակ առաջ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով վերածվել է ժողովրդական արվեստների թանգարանի, որի հարուստ հավաքածուի մեծ մասը դիլիջանցի ժողովրդական վարպետների գործերն են: Դրանք ապահով վայր են տեղափոխվել մինչև շինարարության ավարտը, այն կտևի մոտ 3 տարի․
Գայանե Ասլանյան - Ըստ ցուցանմուշների պատշաճ պահպանության կարգի, ի պահ է տրված պետական մեկ այլ կառույցի, մեծ մասը՝ երևանյան մասնաճյուղում է, որովհետև թանգարանը այս ընթացքում ոչ ֆորմալ ձևով կգործի, և այլ ձևաչափերով ցուցահանդեսներ կկազմակերպվեն:
Թանգարանի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է մոտ 121 մլն դրամ: Նորոգման աշխատանքները սկսվել են մեկուկես ամիս առաջ, ընդգրկված են նաև տեղացի շինարարները:
Ռազմիկ Մայիլյան (Շինարարական ընկերության տնօրեն) - Հանդիպել ենք բազմաթիվ խնդիրների, վթարը ավելացել ա, հիմքերի ուժեղացում ենք անում առաջին հերթին, երկրորդ հերթին՝ պատերի ուժեղացում, սետկաներ ենք խփում պատերին, կատարվում ա սվաղ ներսից ու դրսից ծածկվում:
Հաջորդ տարին թանգարանի համար հոբելյանական է, լրանում է հիմնադրման 45-ամյակը: Շինությունը կվերականգնվի իր նախնական տեսքով, ըստ շինարարների հավաստման՝ ևս մի հարյուր տարվա երաշխիքով: