ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մեծապես կարևորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում եղել և շեշտադրվել է ԱԺ-ի և Բունդեսթագի միջև խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, համատեղ նախագծերի անհրաժեշտությունը:
«Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է: Մենք նաև բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով և ջանքեր է գործադրում թե՛ տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե՛ սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությամբ: Նա շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների հանդեպ:
Գերմանացի գործընկերը տեղեկացրել է, որ աչալրջորեն հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, և համոզմունք է հայտնել, որ հակամարտությունների լուծման արդյունավետ ուղին խաղաղ բանակցություններն են:
Հանդիպմանը քննարկվել է նաև Գերմանիայի հարուստ խորհրդարանական ավանդույթի մաս կազմող հանրահայտ Christian Prayer Breakfast-ների կազմակերպումը, ինչպես նաև վերականգնվող էներգիային վերաբերող գործնական հարցեր: