Աշտարակի փողոցները լուսավորվել են: Արագածոտնի մարզկենտրոնում 430 լուսատու փոխվել է, տեղադրվել են ժամանակակից լեդ լամպեր: Ավելի քան 2 միլիոն դոլար արժողությամբ ծրագիրն իրականացվել է սուբվենցիայով, գումարի կեսը Կառավարությունն է հատկացրել, կեսը՝ համայնքը:
Ասքանազ Կասիև (Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ավագ մասնագետ) - Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն 470 հազար դրամ, կատարվել է շուրջ 11 կմ երկարությամբ լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագիրը հնարավորություն է տալիս համայնքին օգտագործել ավելի քիչ գումար, խնայել ֆինանսական միջոցները և իրականացնել խոշոր ծրագրեր:
Քաղաքի արտաքին լուսավորության ծրագրի իրագործման համար պահանջվեց ավելի քան մեկ տարի: 70 տոկոսով լուսավորվել են Աշտարակի ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցները:
Իշխան Բարսեղյան (Աշտարակ խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ) - Այս ծրագրերով հիմնականում լուծվել են էներգախնայողության խնդիրները, հետագա ծրագրերում համայնքը կկատարի լուսավորության համակարգի ընդլայնման աշխատանքներ, նաև պահպանման աշխատանքներն արդյունավետ կկատարվեն, և ինձ թվում է, որ լուսավորության հիմնախնդիրը համայնքում շատ մոտ ապագայում 100 տոկոսով լուծված կլինի:
Համայնքային պաշտոնյայի հավաստմամբ` լուսավորվել են նաև այնպիսի փողոցներ, որոնք երբևէ լուսատուներ չեն ունեցել: Բնակիչները հավատում են, որ լուսավորված փողոցներում գողություններն ու շների հարձակումները կնվազեն:
Նոր սերնդի լեդ լամպերն ավտոմատ են աշխատում: Ամռանը երկրորդական փողոցները լուսավորվում են 5 ժամ՝ 20:30-ից մինչև 01:30-ը, ձմռանը՝ 7.5-8 ժամ: Իսկ կենտրոնական փողոցներում լուսավորությունը մինչև լուսաբաց է:
Իշխան Բարսեղյան - Հաշվի առնելով, որ էներգիայի ծախսը բավականին բեռ է նստում համայնքի բյուջեի վրա, այս ծրագրի իրականացման արդյունքում ֆինանսական առումով խնայողությունը կլինի շուրջ 30-40 տոկոս:
Արագածոտնի մարզում 2021-ի համեմատ 2022-ին երկու անգամ ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում: Մարզպետարանից նշեցին՝ 2023-ին մտադիր են ներկայացնել 3 մլրդ դրամը գերազանցող խոշոր ծրագրեր: Դրանք հիմնականում նախադպրոցական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման, փողոցների ասֆալտապատման ու քաղաքային զբոսայգու նորոգման համար համաֆինանսավորում ստանալու հայտեր են: