ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Արարատ Միրզոյան-Տոմաշ Գրոձկի ձեռքսեղմումով Վարշավայում շարունակվում է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցը: Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահի հետ հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում անցկացվող բարեփոխումները ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Սենատի նախագահը իր հերթին հավաստիացրել է՝ Լեհաստանը լիովին աջակցում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին: Միրզոյան-Գրոձկի քննարկման առանցքում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Հայաստանի դիրքորոշումն է՝ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Ադրբեջանի առավելապաշտական հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին՝ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման, հայրենադարձման, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը: Գրոձկին նշել է՝ Լեհաստանը պատրաստակամ է աջակցելու խաղաղության ջանքերին:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
Պաշտոնական հաջորդ հանդիպումը Միրզոյանը անցկացրել է Լեհաստանի փոխվարչապետի հետ: Յացեկ Սաշինի հետ հանդիպման առանցքում էլ Հայաստան-Լեհաստան տնտեսական գործակցության զարգացման հեռանկարն է: Արարատ Միրզոյանը նշել է, որ 2018 թվականից Հայաստանի Կառավարությունը սկսել է գործարար միջավայրի բարելավման ծավալուն բարեփոխումներ, պայքար կոռուպցիայի դեմ, ինչը լավ հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար։
Կողմերը կարևորել են Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումը, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում կապիտալի շուկայում Հայաստանի ու Լեհաստանի միջև գործակցության համար։