Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը ողջունել է Թեհրանում Աստանայի ձևաչափով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունների արդյունքները։
«Շնորհակալություն եմ հայտնում իրանական կողմին գագաթնաժողովից հետո հավասարակշռված հայտարարություն պատրաստելու համար, որը վերահաստատել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը»,- նշել է նա:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ հայտարարել է՝ Թեհրանը մտահոգված է, որ Թուրքիան կարող է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսել: Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Անկարան հաշվի կառնի այդ հարցով նախօրեին Թեհրանում Վլադիմիր Պուտինի, Էբրահիմ Ռայիսիի և Ալի Խամենեիի ներկայացրած առաջարկնները:
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՅՐԱՄՈՎ-ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Բրյուսելում տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հանդիպումը։ Կողմերը, մասնավորապես, դիտարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:
«Բայրամովը և Ստոլտենբերգը քննարկել են նաև ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության հեռանկարները: Բայրամովը բարձրացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններին Ադրբեջանի մասնակցության հարցը՝ նպաստելու միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»,- ասված է հանդիպման արդյունքներով հրապարակված հաղորդագրության մեջ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, իր հերթին, ընդգծել է, որ Բաքուն կառույցի հուսալի գործընկերն է, նա բարձր է գնահատել Դաշինքի տարբեր առաքելություններում Ադրբեջանի ներդրումը։
Ջեյհուն Բայրամովի և Ենս Ստոլտենբերգի հանդիպումը դրական է գնահատել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Նա ընդգծել է, որ Դաշինքն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՋ ԵՆ ՇԱՐԺՎՈՒՄ
Ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ բանակցություններն առաջ են շարժվում, Կիևը հուսով է, որ Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան և ՄԱԿ-ը հստակ պայմանավորվածություններ ձեռք կբերեն՝ հայտարարել է արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։
«Բանակցությունները, այնուհանդերձ, շատ բարդ են: Վոլոդիմիր Զելենսկին էլ կոնկրետ հանձնարարական է տվել՝ պետք է բացառվի Ուկրաինային ծովից սպառնացող ցանկացած վտանգ։ Դիվանագիտության մեջ կանոն կա՝ «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։ Այնպես որ, ամեն ինչ ցանկացած պահի կարող է տապալվել»,- մտահոգություն է հայտնել դիվանագետը։
«Հացահատիկի միջանցքի» ստեղծման շուրջ բանակցությունները մեկնարկել են հուլիսի 13-ին Ստամբուլում, դրանց մասնակցել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ռազմական պատվիրակությունները։ Ակնկալվում է, որ կողմերը եզրափակիչ համաձայնագիր կստորագրեն՝ ամրագրելու ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԱՄՆ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ ԿՏՐԱՄԱԴՐԻ
Միացյալ Նահանգներն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի. այն կներառի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի լրացուցիչ խմբաքանակ, ինչպես նաև հրետանային արկեր: Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբիի խոսքով՝ սա Կիևին աջակցության 16-րդ փաթեթն է:
Վաշինգտոնը նաև նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղ բանակցություններ վարել Ուկրաինայի հարցով: Նման կարծիք էլ հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը։ «Մոսկվան պատրաստ չէ իրական դիվանագիտության: Մինչև նրանք չփոխեն իրենց դիրքորոշումը, ԱՄՆ-ն և դաշնակիցները կշարունակեն ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին»,- եզրափակել է Նեդ Փրայսը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Ուկրաինային HIMARS համակարգերի մատակարարմանը, հայտարարել է, որ դրա պատճառով հատուկ ռազմական գործողության աշխարհագրական խնդիրները փոխվել են: «Հիմա դա միայն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները չեն: Եթե Արևմուտքը շարունակի Կիևին մեծ հեռահարության սպառազինություն մատակարարել, աշխարհագրական խնդիրները նույնպես կփոխվեն»,- նշել է ՌԴ գլխավոր դիվանագետը: