Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ. Այդ մասին չորեքշաբթի հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրին։ Նշվում է, որ այդ քայլն արվել է ի պատասխան ուկրաինական կողմի գործողությունների՝ փոխադարձության սկզբունքին համապատասխան։
Հունիսի 30-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարեց Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ առանց հյուպատոսական հարաբերությունների խզման՝ ի պատասխան Դամասկոսի՝ Լուգանսկը և Դոնեցկը ճանաչելու որոշման։ ԱԳՆ-ի տվյալներով՝ ուկրաինական կողմը Դամասկոսում դեսպանատունը փակել էր դեռևս 2016 թվականին, իսկ Կիևում Սիրիայի դեսպանությունը՝ 2018 թվականին։ Սիրիայում ուկրաինացիների շահերը պաշտպանում է Լիբանանում Ուկրաինայի դեսպանությունը: