Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ բրազիլացի գործընկեր Ժաիր Բոլսոնարուն իր հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ հարավամերիկյան հանրապետությունը շարունակում է չեզոքություն պահպանել Ուկրաինայի շուրջ հակամարտությունում։ Զելենսկին նշել է, որ չի պաշտպանում այդ չեզոք դիրքորոշումը, գրում է ՏԱՍՍ-ը:
Զելենսկու խոսքով՝ զրույցում Բոլսոնարուն նաև նշել է, որ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Երկու նախագահի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի։ Բրազիլական կողմը դրա արդյունքների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չի հրապարակել, իսկ զանգի նախօրեին Բոլսոնարուն ասել է, որ զրույցի բովանդակությունը պետական գաղտնիք է լինելու։
Դեռևս անցյալ շաբաթ CNN Brasil-ի հետ հարցազրույցում Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում մտադիր է Զելենսկուն առաջարկել Ուկրաինայում առկա իրավիճակի կարգավորման իր տեսլականը։ Այս լույսի ներքո քաղաքական գործիչը հիշեցրել է Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև 1982 թվականին Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների շուրջ տեղի ունեցած ռազմական հակամարտությունը, որում Հարավային Ամերիկայի պետությունը պարտություն կրեց։