Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Հունաստանի ազգային գրադարան և հանդիպել գրադարանի տնօրեն Ստավրոս Զումբուլակիսի հետ:
Դեսպան Մկրտչյանը գրադարանի նախագահի ուղեկցությամբ շրջել է գրադարանում, ծանոթացել այնտեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, բացառիկ գրքերին, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով ընթերցողների սպասարկման կազմակերպման գործընթացին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են միջգրադարանային համագործակցության, շփումների, փոխայցելությունների և փորձի փոխանակման կարևորությունը` միջմշակութային և կրթական կապերի ամրապնդման և զարգացման գործում:
Կողմերը քննարկել են համատեղ միջոցառումներ անցկացնելու հեռանկարները։
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի ազգային գրադարանին մի շարք գրքեր է նվիրել` Հայոց ցեղասպանության պատմության, հայ ժողովրդի պատմության և մշակույթի վերաբերյալ` հույս հայտնելով, որ գրականությունն իր արժանի տեղը կզբաղեցնի Հունաստանի ազգային գրադարանում: