Անպտղության ծախսատար բուժում, երկար տարիների սպասում: Մեր երկրում շատ զույգերի համար արդեն այդ խնդիրը լուծված է անպտղության հաղթահարման պետական ծրագրով: Միայն այս տարվա առաջին վեց ամսին 44 երեխա է ծնվել, ու արձանագրվել 104 հղիություն:
Նունե Փաշայան (ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ) - Միայն նախորդ տարվա ընթացքում եթե սպասարկվել է 917 շահառու, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արդեն՝ 577:
Ծրագրի մեկնարկից՝ 2019 հոկտեմբերից ի վեր արդեն ծնվել է 170 երեխա: Անպտղության հաղթահարման ծրագրով իրականացվում են ախտորոշում, վիրահատական միջամտություններ, նաև արհեստական սերմնավորում, արտամարմնային բեղմնավորում և ներպատվաստում արգանդի խոռոչում: Ծրագրով նախատեսված է արտամարմնային բեղմնավորման երկու փորձ: Առաջին փորձն իրականացվում է ամբողջությամբ անվճար, երկրորդը՝ 50 տոկոս զեղչով:
Նունե Փաշայան - Եթե զույգն արդեն ճանաչվել է շահառու, ապա բոլոր ծախսերը իրականացվում են պետական պատվերի հաշվին: Դա հետազոտումն է, դա ներպատվաստումն է արգանդի խոռոչում, բոլոր հետազոտությունները և միջամտությունները կատարվում են անվճար:
Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը չի խոչընդոտում կնոջ հղիությունը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձինք, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները:
Նունե Փաշայան - 2022-ին ավելացվեցին նաև դատական կարգով անհայտ կորած ճանաչվածները և 44-օրյայից հետո թշնամու հետ շփման գծում զոհված հերոսների ծնողները:
Այս տարի արդեն զոհված զինծառայողների ընտանիքներում 20 երեխա է ծնվել, առաջին կիսամյակում 31 նոր հղիություն արձանագրվել: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 36 տարեկան կանայք, զոհվածների ընտանիքների դեպքում՝ օրենքով սահմանված մինչև 53 տարեկանները: Նրանք, ի դեպ, պետպատվերի շրջանակում կարող են օգտվել նաև փոխնակ մոր ծառայությունից: Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մեր երկրում պտղաբերության ցուցանիշը 90-ականների համեմատ նվազել է:
Նունե Փաշայան - Եթե 90 ականներին այն կազմում էր 2.6, ապա վերջին տարիների տվյալներով՝ 1.65: Այս թիվը նույնիսկ պարզ վերարտադրողականություն չի ապահովում, որի համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ:
Անպտղության հաղթահարման ծրագիրը կնպաստի ծնելիության աճին: Եթե 2020-ին ծրագրին հատկացվել էր 300 մլն, ապա 2022-ին՝ 917 մլն դրամ: Փաշայանն ասում է՝ ընթացիկ գնահատումներ կարվեն, և եթե ֆինանսավորումը թույլ տա, հետագայում ծրագրում նոր խմբեր կներառվեն: