Մոսկվայի բորսայում հունիսի 27-ից մինչ հուլիսի 19-ը ներառյալ հայկական դրամով իրականացվել է 1450 գործարք: Գումարային արտահայտությամբ գործարքների ծավալը հասնում է շուրջ 12 մլն 268 հազար ռուբլու: Նշենք՝ վերջին շաբաթների ընթացքում Մոսկվայի բորսայում սկսվել է առևտուր իրականացվել նաև հայկական դրամով, ուզբեկական սումով և էմիրաթական դիրհամով: Ըստ բորսայի ներկայացուցիչների՝ դրանց նկատմամբ հետաքրքրություն կա: Մասնագետների գնահատմամբ՝ այս գործարքներով տրվում է դրամի միջազգայնացման գործընթացի մեկնարկը, ինչը շատ կարևոր է:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Սկզբնական շրջանում, կարծում եմ՝ այս ծավալը առավել քան նորմալ է, և հիմնականում, տեսեք, փաստացի, քանի որ այս ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում նաև Ռուսաստանի գործարար շրջանակների կողմից հետաքրքրություն է ցուցաբերվում Հայաստանի հանդեպ տարբեր գործունեությունների հետ կապված, հետևաբար մեծածախ դրամի գնում փաստացի հենց տեղում՝ իրենց երկրում կարող են իրականացնել, ինչը շատ ողջունելի ա և շատ հարմարավետ:
Մասնագետների գնահատմամբ՝ առկա տեմպերը կպահպանվեն և դեռ մի բան էլ ավելի կարագանան, քանի որ այս պահին դրամը բավական կայուն արժույթ է համարվում ներդրողի համար:
Կարեն Սարգսյան - Հասկանալով նաև Ռուսաստանի ներքին տնտեսական խնդիրները Հայաստանը առավել քան մեծ հետաքրքրություն է ներկայացնում, և, կարծում եմ՝ այս առևտրի ցուցանիշները աստիճանաբար աճելու են, և տարեվերջին մենք ավելի ակնառու աճ կարձանագրենք:
Մասնագետները վստահ են՝ սա կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի այլ երկրների բորսաներում ևս հայկական արժույթը տեղ գտնի: Առաջին հերթին այս առումով պետք է սպասել ԵԱՏՄ մյուս երկրների բորսաների արձագանքին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան