Ֆրանսահայ կամավորները կրկին Սարիգյուղում են, արդեն 3-րդ անգամ; ՀԲԸՄ օգնությամբ նախորդ տարիներին նորոգել են գյուղի դպրոցը, հիմա հերթում մանկապարտեզն է: Խորհրդային տարիների տիպային շենքի մասնաշենքերից մեկը 80-ականներին կառուցումից ի վեր չէր հիմնանորոգվել և վաղուց չէր գործում:
Սեյրան Սարիբեկյան (Իջևան համայնքի Սարիգյուղի վարչական ղեկավար) - Այդ հատվածը ամբողջովին կապիտալ վերանորոգում է կատարվում, փոխվել է տանիքն ամբողջությամբ, ներքին հարդարման աշխատանքներ, լուսամուտներ, դռներ, սանհանգույց:
Կամավորների շարքերում և՛ ֆրանսահայեր են, և՛ ֆրանսիացիներ: Լորիսը առաջին անգամ է Սարիգյուղում, շինարարական աշխատանքի փորձ մեկ տարի առաջ է ձեռք բերել՝ Դիլիջանում: Ասում է՝ հաճույքով են աշխատում, հավանել են թե՛ գյուղը, թե՛ բնակիչներին․
Լորիս Եզակելյան (կամավորների խմբի ղեկավար) - Կամավորները լավ են աշխատում, մեծ հաճույքով, գյուղացիները գալիս են մանկապարտեզ, մեզի օգնում են, լավ ենք շփվում, ուրախ ենք:
Կիսով չափ հայուհի, կիսով չափ իտալուհի Ազատուհին իր գործը վարժ է անում և պատասխանատվությամբ; Ասում է՝ ազատ ժամերին գյուղի երեխաներին օտար լեզու և խաղեր են սովորեցնում:
Ազատուհի Ալոնջի (կամավոր) - Շատ ուրախ ենք, որ փոքրերի համար ենք կառուցում, որովհետև շատ կարևոր է՝ առաջին տարիները լավ պայմաններում անցկացնեն:
Նորոգումից հետո մանկապարտեզը ավելի շատ երեխաներ կընդունի: Այստեղ հաճախում են նաև հարևան գյուղերի փոքրիկները, նորոգման լուրն առնելուն պես դիմումները շատացել են: Մինչ այժմ 2 խումբ է գործել․
Շինաշխատանքները կտևեն մեկ ամիս, այդ ընթացքում կամավորները բնակվում են գյուղացիների ընտանիքներում, ինչը ավելի է ամրապնդում ծնունդ առած բարեկամությունը:
Սեյրան Սարիբեկյան - Էս ծրագրի շրջանակում լավ գործոն կա. և՛ աշխատատեղեր են ստեղծվում, և՛ ընտանեկան տուրիզմն է զարգանում, բարեկամական կապեր են զարգանում, հայ-ֆրանսիական, ֆրանսահայերի ընդունում ենք որպես սարիգյուղացիներ, կարևոր է, որ մեր սփյուռքահայերը զգան ինչպես իրենց տանը: