Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է դրել օրենքի նախագիծ, թե որ ուղղություններով կարող են ազդակիր համայնքները ծախսել ընդերքօգտագործողների վճարած ռոյալթիների 2 տոկոսը: Իսկ այդ գումարը նրանց կհատկացվի 2023-ից, այս տարվա մարտին ընդունված օրենքի համաձայն: Ազդակիր շուրջ 20 համայնքներն այն կարող են ծախսել 12 ուղղությամբ՝ կրթության ոլորտից մինչև սոցիալական ապահովություն, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն և այլն: Օրինակ՝ համայնքը կարող է գյուղտեխնիկա ձեռք բերել, բժշկական կենտրոն կառուցել, զբոսաշրջային վայրերը բարեկարգել այդ գումարով՝ մանրամասնում է փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:
Հովհաննես Հարությունյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Կարող են գումարներ ծախսվել նաև տվյալ բնակչության առողջապահական ապահովագրության համար լրացուցիչ, որոնք պետությունը չի տրամադրում, կարող են կրթական ծրագրեր իրականացվել, դպրոցների վերանորոգում, մանկապարտեզների վերանորոգում, կարող են օգտագործել որպես տվյալ համայնքի կամ տվյալ ազդակիր բնակավայրի բնակչության երեխաների մանկապարտեզի գումարի փոխհատուցման գումար:
Համայնքի ղեկավարը ծրագրերը պետք է ներկայացնի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որից հետո, եթե ամեն ինչ կարգին համապատասխան լինի, 10-օրյա ժամկետում ծրագիրը պետք է ներկայացվի ավագանու հաստատմանը և կյանքի կոչվի:
Հովհաննես Հարությունյան - Ազգային ժողովի պատգամավորների կողմից, մեր գործընկերների, ընդդիմության կողմից տարբեր տեսակի մտահոգություններ կար, թե, արդյոք, օրինակ, համայնքի ղեկավարը կարո՞ղ է այս գումարով իրեն գնել մեքենա, թե չէ, և մենք հիմա հստակ պատասխանում ենք, որ՝ այո, էն պրակտիկան, որը ժամանակին եղել է, և համայնքներում գումարները անհասկանալի ձևով են ծախսվել, մենք հիմա հստակ այս գումարի աղբյուրը ունենալով՝ ասում ենք, թե ինչի համար կարող են դա ծառայեցնել:
Ազդակիր Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը կարևորում է այս նախագիծը:
Բագրատ Զաքարյան (Մեղրի համայնքի ղեկավար) - Շատ կարևոր նախագիծ է, որ Կառավարության կողմից ներդրվել է համայնքների զարգացման հարցում, և շատ եմ կարևորում, որ այդ գումարներով, որոնք կուղղվեն, մանավանդ, Մեղրի համայնքի բյուջեի նման փոքր բյուջե ունեցող համայնքների հետագա զարգացման համար, Մեղրիի համայնքապետարանը կկարողանա իր խնդիրները որոշակի առումով լուծել:
2023 թվականի հունվարի 1-ից համայնքներն արդեն եկամուտ կստանան. ուղղություններին վերաբերող նախագիծը ևս պետք է մինչ այդ հաստատվի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան