Այս տարվա հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիքը. առանցքային փոփոխություններ կան հատկապես ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման տեսանկյունից:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Առաջինը նոր հանցակազմեր են նախատեսվել Քրեական նոր օրենսգրքով, 2-րդ` փոփոխվել են որոշ հանցակազմերում առկա մոտեցումները, և 3-րդը` դրանք սանկցիոն փոփոխություններն են: Այսինքն` էլ ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսվել հատկապես ընտանեկան բռնության դեպքերի մասով:
Ըստ նոր Քրեական օրենսգրքի՝ ամուսնությանը, ամուսնալուծվելուն, երեխա ունենալուն հարկադրելը կպատժվի մինչև 2 տարի ժամկետով, իսկ հղիության արհեստական ընդհատման ստիպելը կամ հարկադրելը՝ 5-ից 10 տարի ժամկետով: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախկին Քրեական օրենսգրքով ստիպողաբար աբորտ կատարելը օրենքով չէր կարգավորվում: Մյուս կարևոր հանցակազմը, որը տեղ է գտել նոր Քրեական օրենսգրքում, հոգեկան ներգործությունն է, օրինակ, երբ տղամարդիկ կանանց արգելում են տնից դուրս գալ կամ շփվել հարազատների, ընկերուհիների հետ, հետապնդում ցանկացած քայլ և ձևավորում սոցիալական որոշակի մեկուսացվածություն: Այս հանցանքի համար պատիժ է նախատեսվում ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի:
Արփինե Սարգսյան - Նման դեպքերի համար հոգեկան ներգործության հանցակազմը կգա օգնելու վեր հանել այդ դեպքերը և համապատասխան քրեական հանցակազմերով պատասխանատվության ենթարկելու համապատասխան անձին:
Նոր օրենսգրքով, բացի պատիժների խստացումից, ծանրացնող հանգամանք է համարվում այն հանցանքը, որը կատարել է մերձավոր ազգականը, այսինքն՝ ընտանիքի բոլոր անդամները՝ անկախ համատեղ բնակվելու հանգամանքից: Այն ներառում է թե՛ ամուսնուն, թե՛ նախկին ամուսնուն, թե՛ նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված ու գտնվող անձին:
Արփինե Սարգսյան - Ընդ որում, պետք է նշենք, որ ընտանեկան բռնության դեպքերը, բնականաբար, կատարվում են նաև նախկին ամուսինների կողմից, և հետևապես այս խումբ դեպքերը ևս պետությունը քրեական հարթությունում համապատասխան ամրագրումների տեսքով նախատեսել է:
Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում ծանրացնող հանգամանք է համարվում, եթե հանցանքը արել է ոչ թե մերձավոր ազգականը, այլ զուգընկերը կամ նախկին զուգընկերը: Փոփոխության են ենթարկվել նաև այնպիսի հանցակազմեր, որոնց համար տուգանք էր նախատեսված: Տուգանքն, ըստ նոր օրենսգրքի, փոխարինվել է հանրային աշխատանքով, ազատության սահմանափակմամբ, կարճաժամկետ ազատազրկմամբ:
Արփինե Սարգսյան - Սա ընտանեկան բյուջեից վճարվող տուգանք է. և հետևապես` այս տեսանկյունից ոչ թե միայն բռնարարն է ենթարկվում պատասխանատվության, այլև ընտանիքի մյուս անդամները, որոնք այս դեպքում կոնկրետ քրեական գործով կարող են հենց տուժողները լինել:
Իսկ արդյոք փոփոխություններն ու խստացումները արդյունավետ կլինեն. փոխնախարարը վստահեցնում է՝ օրենքը լիարժեք կիրառելու համար առաջնային կլինի տուժողների ահազանգն ու խնդիրների մասին բարձրաձայնելը: Եթե նախկինում ահազանգի վերաբերյալ ոստիկանները 10- օրյա ժամկետում էին որոշում քրեական գործի հարուցման անհրաժեշտությունը, ապա այս ուղղությամբ եւս փոփոխություններ են արվել, ըստ որոնց՝ ոստիկանությունը դարձել է ընդամենը հաղորդում ընդունող մարմին, և այն ստանալուն պես պարտավորվում է անմիջապես փոխանցել քննչական մարմին, որն անմիջապես քրեական վարույթ է նախաձեռնում: