ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Կապան քաղաքում նոր գրասենյակ է բացել՝ ընդլայնելու Սյունիքի մարզում իր գործունեությունը։
ՊՀԾ-ն կաջակցի այն համայնքներին, որոնք ապավինում են գյուղատնտեսությանը որպես զբաղվածության աղբյուր՝ օգնելով ոռոգման համակարգերով և կառուցելով կայուն, կլիմայի նկատմամբ զգայուն պարենային համակարգեր:
Քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Սյունիքի ֆերմերները զրկվել են հողերից և արոտավայրերից, ՊՀԾ-ն ներդրումներ է կատարում ավելի արդյունավետ հողային ռեսուրսների մեջ՝ բարելավելու գյուղատնտեսության ոլորտն ու մարզում ապրող մարդկանց կյանքի որակը:
«Սյունիքի մարզում մեծ ներուժ կա, և մենք ցանկանում ենք զարգացնել գյուղատնտեսական ենթակառուցվածքները և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար: ՊՀԾ-ն արդյունավետորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ և ներգրավելով համայնքի անդամներին՝ խթանելու կայունությունը տարածաշրջանում՝ բացահայտելով և լուծելով մարզում առկա մարտահրավերները»,- ասել է ՊՀԾ-ի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն:
2021 թ․ վերջին ՊՀԾ-ն սկսել է իրականացնել ոռոգման ջրի ենթակառուցվածքի ծրագիր Սյունիքի մարզի չորս համայնքների տասնմեկ գյուղերում: Ավելի քան 35 կմ երկարությամբ ոռոգման ջրանցքների կառուցումը կոռոգի ավելի քան 1000 հեկտար հող՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը:
Բացի դրանից՝ Սյունիքում գյուղատնտեսական գործունեության տնտեսական կենսունակությունը խթանելու նպատակով ՊՀԾ-ն ներդրումներ է կատարում հատիկընդեղենի շահութաբեր արժեշղթայում: Նպատակն է տեղական համայնքներին հասանելի դարձնել ագրոբիզնեսին առնչվող սննդամթերք և գիտելիք, միևնույն ժամանակ աշխատանքի հնարավորություններ ընձեռելով տղամարդկանց և կանանց համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Սյունիքի մարզպետարանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ խթանելու դիմակայունությունը Սյունիքում՝ կատարելով ներդրումներ կլիմայապես զգայուն, տնտեսապես կայուն պարենային համակարգերում:
Փոխըմբռնման հուշագիրը կբարձրացնի գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունն ու շահութաբերությունը և կբարելավի գյուղատնտեսական ենթակառուցվածքները:
«Շնորհավորում ենք ՊՀԾ-ին Սյունիքի մարզում նոր գրասենյակ բացելու կապակցությամբ»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և մանրամասնել․ «Սյունիքում գրասենյակի առկայությունը և վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրը կբարձրացնեն մարզի փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունն ու շահութաբերությունը»:
Ծրագրի շրջանակում ՊՀԾ-ն աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ աջակցելու գյուղատնտեսական ծրագրերին և զարգացնելու ֆերմերների կարողությունները:
«Մեկ տարուց ավել է, ինչ մենք աշխատում ենք ՊՀԾ-ի հետ, և այդ ժամանակից ի վեր համագործակցությունը դրականորեն է ազդել մեր համայնքի և ժողովրդի վրա: ՊՀԾ-ի հետ միասին մենք ցանկանում ենք բարելավել գյուղատնտեսության աճը և ստեղծել ուսումնական միջավայր, որպեսզի մարդիկ կարողանան ավելացնել իրենց եկամուտները և հոգալ իրենց սննդի և այլ կարիքները»,- ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: