Հանգստյան օրերին պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանումը ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզում։ Այդ կապակցությամբ Գյումրի էր մեկնել ծառայության ղեկավարությունը։
Մեկնարկից առաջ պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Ումրշատյանը հրահանգավորել է անձնակազմին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է քաղաքացիների հետ շփումներում լինել բարեկիրթ, միևնույն ժամանակ՝ անհանդուրժողականություն դրսևորել օրինախախտումների նկատմամբ՝ իրենց օրենքից վեր դասողներին ենթարկելով պատասխանատվության։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 266 խախտում։
Մասնավորապես, 5 անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 27-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։
Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 25 տրանսպորտային միջոց։
13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 14-ը՝ թաղանթապատված հողմապակիով, 65-ը՝ տեխնիկական զննություն չանցած։
Բացի այդ, պարեկները հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու տարածքային բաժիններ են տարել 4 անձի։
Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։