Հայաստանում ուսումնասիրվել է դեղագործության ոլորտը. արդյունքների մասին զեկույցը «Էնթրփրայզ Արմենիայի» համար ներդրումներ ներգրավելու, ռազմավարությունը մշակելու հիմք է: Զեկույցը բացահայտել է ներդրումների ներուժ ունեցող ոլորտները: Առաջինը վերարտադրված դեղորայքի կամ, այսպես կոչված, գեներիկների արտադրությունն է:
Արամ Վարդանյան («Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի ներդրումների գծով տնօրեն) - Հայաստանի ընդհանուր դեղագործական շուկան շուրջ 230 մլն է, այդ թվում՝ ներկրված դեղամիջոցների քանակով, որից 70 տոկոսը գեներիկ վերարտադրված դեղորայքն է: Կա այդպիսի մեծ շուկա հենց Հայաստանում: Երկրորդը պայմանագրային հիմունքներով արտադրությունների կազմակերպումն է, ուսումնասիրությունների իրականացումը. դա հսկայական շուկա է՝ մոտ 200 մլրդ դոլարն անցնող արտաքին շուկաներում, արտադրության և ուսումնասիրությունների իրականացման աութսորսինգն է:
Հաջորդը ակտիվ բաղադրատարրերի՝ դեղորայքի հումքի արտադրությունն է և կլինիկական փորձարկումների իրականացումը: Բազմակողմանի վերլուծվել են դեղագործության համաշխարհային շուկան և գլոբալ միտումները, Հայաստանում դեղագործության ոլորտի զարգացման տեմպը և ներուժը, Հայաստանի տնտեսական հնարավորությունները:
Արամ Վարդանյան - Կիսվել ենք զեկույցով բոլոր հնարավոր շահառուների հետ, առաջին հերթին տեղեկացվածության համար, երկրորդը, գուցե, այն եզրակացությունները, որոնք արտացոլված են զեկույցում, շահառու ընկերությունների համար հիմք հանդիսանա իրենց գործունեության ընդլայնման համար, և երրորդը՝ զեկույցի հրապարակումը, առաջին քայլն է, որին կհաջորդի ճանապարհային քարտեզի կազմումը, ներդրողի համար կոնկրետ առաջարկների ձևավորումը և հետևողական աշխատանքը:
Վերլուծությունն իրականացրել է «PwC Արմենիա» խորհրդատվական ընկերությունը՝ Եվրամիության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ:
Գեորգի Ախալկացի (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար) - Ապրում ենք մի նոր իրականությունում, որտեղ կա Covid, որտեղ դեղագործական ոլորտն ավելի մեծ դեր է ձեռք բերել համաշխարհային տնտեսության մեջ: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստանը մեծ ներուժ ունի՝ բարելավելու ոլորտը, որն այստեղ արդեն ամենաարագ զարգացող ուղղություններից է. կան և՛ ներքին արտադրության ծավալների մեծացման, և՛ արտահանման հնարավորություններ։
Համաշխարհային բանկի աջակցությամբ ավելի վաղ պատրաստված զեկույցը շեշտադրում է արտահանման հնարավորությունները, նորը՝ օտարերկրյա ներդրողի առաջարկը:
Արամ Վարդանյան - Ակնկալվող արդյունքը թիրախային առաջարկի ձևավորումն է, որը հստակ ներկայացնելով ներդրողին՝ ակնկալում ենք նոր ներդրումների ներգրավում:
Գեորգի Ախալկացի - Սա ոչ միայն կոնկրետ ոլորտի գնահատում է, այլ նաև ազգային ներդրումային գործակալությունների կարողությունների զարգացում: Հայաստանը գերազանց աշխատանք է կատարել հարկային համակարգի պարզեցման, ինչպես նաև ներդրումները խթանող այլ քայլերի ուղղությամբ։ Բայց կա նաև մի քանի այլ ոլորտ, որտեղ ավելի շատ աշխատանք պետք է կատարվի: Պատրաստ ենք աջակցել ներդրումային մարմիններին, որ առաջ շարժվեն:
Դեղագործությունը մեր տնտեսության գերակա ճյուղերից է: Ոլորտի խորքային ուսումնասիրությունը, «Էնթրփրայզ Արմենիայի» պաշտոնյայի խոսքով, ժամանակի պահանջ էր, իսկ դեղագործության հանդեպ ուշադրությունն անհրաժեշտ է նախ ներքին ինքնաբավությունը ապահովելու համար. դա հատկապես զգալ տվեց քովիդի պայմաններում: