Ծառի շվաքին ցերեկվա վառող արևից փրկող կայանատեղին երեկոյան կարող է ռիսկային դառնալ․ փտած բներով ու թուլացած արմատներով հսկաները սկսել են չդիմանալ Երևանին բնորոշ դարձող ուժեղ քամիներին։ Քամու տապալած ծառերի ու դրանց ջարդած մեքենաների մասին ահազանգերի պակաս ԱԻՆ-ն այս տարի չունի։ Աղետների օրացույցում նշումներն սկսել են գարնան կեսերից՝ Պառավի ուլերի փուլում։
Արթուր Վարդանյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ հրահանգիչ, փրկարար ծառայության մայոր) - Վեց ամսվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային միջոցների վնասման 23 դեպք, իսկ անցած տարի, ընդհանուր առմամբ, 15 դեպք է եղել:
Մայոր Վարդանյանն ասում է՝ տվյալ իրավիճակում ԱԻՆ-ը միայն արձանագրում է, որ բնական աղետից տրանսպորտային միջոց է ջարդուփշուր եղել։ Ընկած ծառը կտրտել-հեռացնելու համար կանչում են կանաչապատման հիմնարկի աշխատակիցներին, ազատում փակված փողոցը կամ բակը։ Իսկ թե վնասի փոխհատուցման գումարն ով կտա՝ իրենց գործը չէ: Առավելագույնը, ինչ կարող են անել փրկարարները՝ մեքենայատիրոջն ապացույց-քաղվածք են տալիս, որ դեպքն իրոք տեղի է ունեցել։ ԱՊՊԱ-ն նման դեպքերը չի հատուցում։ Եթե մեքենան ամբողջական՝ կասկո ապահովագրություն չունի, ֆինանսական հարցի լուծման միակ տարբերակը մնում է փողը մեղավորից պահանջելը։ Դա ամենևին էլ քամին չէ՝ ծառերի սանիտարական խնամքի մասին Կառավարության 2006 թվականի որոշումն է ցույց տալիս փաստաբան Գագիկ Մելիքյանը։
Քաղաքապետարանից, սակայն, հեշտ չէ փող ստանալը։ Ըստ փաստաբանի՝ փորձում են ֆորս-մաժորով խուսափել, թե՝ արտակարգ իրավիճակ է եղել, քամին անկանխատեսելի էր։ Հետո արդեն մեքենայի տիրոջից պահանջում են ապացուցել, որ ծառն իրենց՝ վարչական մարմնի անգործության պատճառով է չորացել։
Գագիկ Մելիքյան (փաստաբան) - Կոպիտ ասած՝ քաղաքապետարանը քաղաքացուն ուղղորդում է դատարան՝ ասում է՝ այ, եթե կապացուցես, որ էդ ծառը չխնամելու պարտականությունն իմն է, ու դրա պատճառով է ընկել ու ձեր գույքը վնանսել, նոր ես պատրաստ կլինեմ քննարկել՝ հատուցել թե չէ:
Աչքի առաջ ունենալով դատական երկարատև քաշքշուկը՝ տուժող վարորդների մի մասը հրաժարվում է հայցից, որոշում իր ծախսով նորոգել մեքենան։ Բայց լինում են նաև «թող մեղավորը պատժվի» սկզբունքով առաջնորդվողներ․ ծառի կոտրած ավտոների փոխհատուցման 2 գործ է փաստաբան Մելիքյանն ունեցել։ Մեկի գումարը քաղաքապետարանն արագ է տվել, մյուսը՝ հայտնի թթենու դեպքով, երբ ծառն այնքան ծեր ու հիվանդ է եղել՝ առանց քամու է շրջվել: Չորրորդ տարին է՝ երկրորդ անգամ դատական երեք ատյան են հաղթահարում։
Գագիկ Մելիքյան - Ի վերջո, ամիսուկես առաջ վերջնական հաղթանակն ամրապնդվեց, ու ես արդեն դիմել եմ քաղաքապետարան, որ դատավճռով սահմանված փոխատաւոցւմը տրամադրեն քաղաքացուն՝ 1,2 մլն դրամ:
Քամու տապալած ծառերից տուժած մեքենայատերերին ընդհանուր որքա՞ն գումար և քանի՞ դեպքի համար է Երևանում վճարվել տարվա առաջին կիսամյակում, վիճակագրությունը քաղաքապետարանը դեռ չի ամփոփել։