Հուլիսի 18-ին՝ ժամը 18:10-ին Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում բռնկված հրդեհի մասին: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բնակելի տուն:
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Աստղաշենի հրշեջ հենակետի մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով: Գնահատելով իրավիճակի լրջությունը` Ասկերանի ՀՓՄ-ից ևս մեկ մարտական հաշվարկ մեկնել է օգնության:
Ուղեկցվող թեթև քամու միջոցով հրդեհն արագ տարածվել է հարևանությամբ գտնվող փայտե կոնստրուկցիաներից կառուցված հին շինություններում և բնակելի տներում: Ասկերանի հրշեջ փրկարարներին միացել են ԱԻ ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական ևս 2 մարտական հաշվարկ, այնուհետև Բերքաձորի հենակետի փրկարարները:
Դեպքի վայր է ժամանել և անձնակազմին տեղում ցուցումներ ու հրահանգներ տվել ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը՝ տեղակալ Սամվել Հայրումյանի ուղեկցությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:10-ին, լիամարվել` 23։50-ին։ Ըստ նախնական տեղեկության՝ ամբողջությամբ այրվել է իրար մոտ գտնվող 4 տուն, պատճառելով նյութական մեծ մնասներ։ Բարեբախտաբար մարդկային տուժածներ չկան:
Հրդեհի վերաբերյալ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: