ՇՄ նախարարությունը տեղեկացնում է՝ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։
Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է հետևյալ գործոններով.
ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակություն, որը ծառայում է որպես սննդանյութ.
ջրի բարձր ջերմաստիճան.
լույսի բավականին մեծ ինտենսիվություն.
լճի մակարդակի իջեցման հետևանքով Փոքր Սևանում հիպոլիմնիումի շերտի կրճատում, իսկ Մեծ Սևանում՝ վերացում։
Հիպոլիմնիումի շերտի կրճատման և բացակայության հետևանքով հատակային շերտից տեղի է ունենում ֆոսֆորի ինտենսիվ անցում ջրաշերտ։
Սևանա լճում ֆոսֆորի կոնցենտրացիան շարունակում է աճել, որովհետև լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով բերվող կենսանյութերով:
Կեղտաջրերի մուտքը լիճ տեղի է ունենում հետևյալ հիմնական աղբյուրներից.
կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրեր, այդ թվում՝ ափամերձ հանգստյան գոտիների կեղտաջրերը.
գյուղատնտեսություն և անասնապահություն.
ջրածածկ բուսական տարածքներ.
ցանցավանդակային ձկնաբուծություն.
կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր:
Ներկա պահին Սևանա լիճը գտնվում է ինտենսիվ ծաղկման փուլում, լիճն ըստ տրոֆիկ վիճակի
համապատասխանում է մեզոտրոֆիկ վիճակին։
Լճի ինտենսիվ ծաղկման հետևանքով ֆոսֆատի կոնցենտրացիան նվազում է։ Հունիս ամսվա համեմատությամբ հուլիսի 15-ին ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան նվազել է մոտ 2 անգամ: Կենսազանգվածի կողմից ինտեսիվորեն ընթանում է ֆոսֆորի յուրացումը, և երբ ջրում ֆոսֆորի կոնցենտրացիան գրեթե հավասարվի զրոյի, պրոցեսը կավարտվի: Ըստ դիտարկումների՝ պրոցեսը կտևի 2-3 շաբաթ։
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-8 մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6 մգ/լ-ից):
Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ 60 մետր խորության շերտում 4°C է, սական 30 մ խորության շերտերում 5-6°C է, ինչը բարձր է, և այդ բարձր ջերմային վիճակը նպաստում է, որ հատակային շերտը ևս մասնակցի ջրաշրջանառությանը:
Ջրի թափանցիկություն դիտվել է 2-2,5 մ տիրույթում, ինչը շատ ցածր է։
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և որպես դրա խաթարման հետևանքներից մեկի՝ կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է մի շարք միջոցառումներ և քայլեր՝
լճում սիգի արդյունագործական որսի կարգավորում.
Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում.
Սևանա լճի ջրի նորմերի հաստատում
(Կառավարության 2021 թվականի հուլիսի 22- ի N1211-Ն որոշում).
Սևանա լճի ափին ապօրինի և ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում.
ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ.
աղբահանության և աղբի տեղափոխման խնդրի կարգավորում.
«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի իրականացում, որի արդյունքում ՇՄՆ կողմից կարևորվել է հետևյալ 5 արդյունքի գրանցումը՝
1) Սևանա լճի մոնիթորինգի համակարգի բարելավում վերազինում.
2) էկոհամակարգի համար բարենպաստ և ջրախնա հողօգտագործման ու մշակման փորձառությունների իրականացման համար կարողությունների բարելավում.
3) կոյուղաջրերի մշակման, ներառյալ բնական լուծումների կարողությունների բարելավում.
4) Սևանա լճի պաշտպանության համար իրազեկում և տեղեկատվության հասանելիության բարձրացում՝ ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում.
5) Սևանա լճի էկոհամակարգի կառավարման համակարգի բարելավում։
Մասնավորապես, կոյուղաջրերի կառավարման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Գավառի մեխանիկական մաքրման կայանի վերազինում, ինչպես նաև Սևանա լճի ավազանի Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և համատեղ մաքրման համակարգի ստեղծում։
«Հարգելի քաղաքացինե՛ր, մենք մեր քայլերով պետք է հետևողականորեն հասնենք Սևանա լճի էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների, ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը։
Համատեղ ջանքերով վերականգնենք մեր ազգային հարստություն՝ Սևանա լճի էկոհամակարգը և այսուհետ երաշխավորենք դրա անխաթարությունը՝ բոլորիս պատասխանատու և սրտացավ վերաբերմունքի ներքո»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ: