Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթաժողովի շրջանակում Թեհրան այցելած Էրդողանին ընդունած Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, այդ թվում՝ Հայաստանի հարավով էքստերիտորիալ միջանցք ստանալու՝ Բաքվի և Անկարայի հավակնություններին:
Ալի Խամենեի (Իրանի հոգևոր առաջնորդ) - Իսլամական Հանրապետությունը դեմ է Իրանի և Հայաստանի միջև սահմանի հնարավոր արգելափակման քաղաքականությանը: Այդ սահմանը հազարամյակների պամություն ունի:
Նա ընդգծել է նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը: Հոգևոր առաջնորդի խոսքով՝ Սիրիայի հյուսիսում ցանկացած ռազմական հարձակում լինելու է հօգուտ ահաբեկիչների և ի վնաս Թուրքիայի, Սիրիայի և ամբողջ տարածաշրջանի:
Սիրիայի մասին է խոսել նաև Էրդողանը:
Ռեջեփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Արևմուտքը, մասնավորապես՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, զինում են Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին: Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում Անկարայի դիրքորոշումը հետևյալն է՝ այդ երկրի կառավարությունը պետք է քաղաքական գործընթացներ ձեռնարկի։
Մամուլի համար փակ ռեժիմով տեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը, ինչպես նաև Էբրահիմ Ռայիսիի և Ռեջեփ Էրդողանի առանձնազրույցը: Երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ քննարկումներից հետո նախագահները հանդես են եկել հայտարարությամբ:
Իրանի նախագահը շեշտել է, որ Էրդողանի այցը Թեհրան կարող է շրջադարձային լինել երկրների հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Էբրահիմ Ռայիսի (Իրանի նախագահ) - Ընդգծել ենք, որ Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշջանառությունը հարկավոր է հասցնել 30 մլրդ դոլարի: Քննարկել ենք նաև գազի մատակարարումների վերաբերյալ պայմանագիրը երկարաձգելու և ընդարձակելու, համատեղ ներդրումների հնարավորությունը: Անդրադարձ է եղել կազմակերպված հանցագործության և թմրանյութերի դեմ պայքարի խնդիրներին: Հարկավոր է նաև պայքարել ահաբեկչության դեմ՝ ապահովելու սահմանների անվտանգությունը: Այս հարցում երկակի չափորոշիչներ լինել չեն կարող:
Ռայիսին նաև ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը: Էրդողանն, իր հերթին, նշել է, որ Թուրքիան ցանկանում է զարգացնել Իրանի հետ գործընկերությունը:
Ռեջեփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Անկարան բարձր է գնահատում տարածաշրջանի երկրների հետ շփումները ամրապնդելու՝ պաշտոնական Թեհրանի քաղաքականությունը: Իսկ թուրքական պատվիրակության այցը Թեհրան կնպաստի նաև երկու երկրների միջպետական հարաբերություններին: Ուշադրության է արժանի նաև տարածաշրջանում ահաբեկչության խնդիրը։ Ահաբեկչական կազմակերպությունները լուրջ սպառնալիք են Թուրքիայի և Իրանի անվտանգությանը, պետք է համախմբվենք այս չարիքի դեմ պայքարում։
Հանդիպման ավարտին նախագահների ներկայությամբ ստորագրվել են տարանցիկ փոխադրումների, գիտական, մշակութային, սպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հարաբերությունների խորացման վերաբերյալ համաձայնագրեր և հուշագրեր, այդ թվում՝ երկու երկրների միջև Համապարփակ համագործակցության ծրագիրը։
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ միշտ դեմ է եղել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին և ողջունում է Թեհրանի օրինական ակնկալիքները Միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների 7-րդ գագաթաժողովի շրջանակում նախատեսվում են նաև Իրանի և Թուրքիայի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: