ՌԴ-ԻՆ ԱԹՍ-ՆԵՐ ՉԵՆ ՎԱՃԱՌՎԵԼ ԵՎ ՉԵՆ ՎԱՃԱՌՎԻ. ԲԱՅՐԱՔԹԱՐ
Թուրքական Baykar ընկերությունը իր անօդաչու թռչող սարքերը չի վաճառել և չի վաճառի Ռուսաստանին՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության գործադիր տնօրենը։
«Մենք երբեք նման բան չենք անի, որովհետև աջակցում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը և Ռուսաստանին այդ երկրի դիմակայությանը»,- ասել է Հալուք Բայրաքթարը, հավելել՝ Անկարան և Կիևը ռազմավարական հարաբերություններ ունեն, հատկապես օդատիեզերական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
Նրա խոսքով, Baykar-ը հպարտ է, որ թուրքական անօդաչուները դարձել են Ուկրաինայի անկախության համար պայքարի խորհրդանիշներից մեկը։
Ավելի վաղ՝ պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտնել էր, որ Կիևը դարձել է «բայրաքթարների» ամենախոշոր գնորդներից մեկը։ Իսկ Baykar գործարանը մոտ ապագայում կկենտրոնանա միայն Ուկրաինայի հետ գործակցության վրա։
ԵՄ-Ն ԵՎՍ 500 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԿԻԵՎԻՆ
Եվրամիության կարծիքով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվելու են, ուստի որոշում է կայացվել ևս 500 միլիոն եվրոյի ռազմական աջակցություն տրամադրել Կիևին՝ հայտարարել է կառույցի արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո։ Այսպիսով՝ Ուկրաինային «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» աջակցությունը, ընդհանուր առմամբ, արդեն կազմում է 2,5 միլիարդ եվրո։
Նախարարները համաձայնության են եկել նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ, որը չի ներառում էներգակիրների մատակարարման լրացուցիչ սահմանափակումներ: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն նշել է, որ չնայած ԵՄ անդամ որոշ երկրների ջանքերին՝ նոր փաթեթը չի ենթադրում պատժամիջոցներ «Գազպրոմբանկի» դեմ, որի միջոցով կատարվում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վճարումները։
«Եվրամիության պատժամիջոցների ցուցակում կհայտնվի ևս 48 անձ, ինչպես նաև 9 կազմակերպություն: Կարգելվի ոսկու առևտուրը»,- մանրամասնել է նախարարը։
ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻ ԵՆ ԵԿԵԼ. ՓՐԱՅՍ
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների 394 կողմ, 18 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերաբերյալ բանաձևին։ Դեմ են քվեարկել միայն հանրապետական կոնգրեսականներ:
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն, իր հերթին, տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կոնսենսուսի են եկել դաշինքին երկրների անդամակցության հարցում:
Նախօրեին Ռեջեփ Էրդողանը, սակայն, հայտարարել է, որ Անկարան կարող է սառեցնել կառույցին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու գործընթացը, եթե վերջիններս չկատարեն ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի պայմանները։
Հելսինկին և Ստոկհոլմը պաշտոնապես կմիանան դաշինքին, երբ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները վավերացնեն սկանդինավյան երկրների անդամակցության արձանագրությունները։ Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ գործընթացը կարող է տևել մի քանի ամիս։
ԹԵՀՐԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ԵՎ ՏԵՎԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ
Իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները հարկավոր է լուծել դիվանագիտության միջոցով՝ հայտարարել են Պետքարտուղարությունից:
«ԱՄՆ նախագահը վստահեցնում է՝ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումը ամենակենսունակ տարբերակն է: Կշարունակենք շարժվել այդ ճանապարհով, քանի դեռ դա բխում է մեր շահերից»,- ընդգծել է Նեդ Փրայսը:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ Ջոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Թեհրանը ցանկանում է կայուն և տևական համաձայնության հասնել։ Նա կոչ է արել Վաշինգտոնին հրաժարվել անցյալի սխալներից և ոչ կառուցողական դիրքորոշումից, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառելու գաղափարից։
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՏԱՐՀԱՆՎԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 32 ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Անտառային հրդեհների պատճառով տարհանվել է Իսպանիայի հյուսիսարևմտյան 32 քաղաքի շուրջ 6000 բնակիչ՝ հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Նշվում է, որ կրակը մոլեգնում է հիմնականում Լոսասիո բնակավայրում։ Լրատվամիջոցների տվյալով՝ մահացել է երկու մարդ, ընդհանուր առմամբ տուժել է 15 մարդ, այրվել է մոտ 60 հազար հեկտար անտառային տարածք։
Ծայրահեղ շոգ եղանակի պատճառով Իսպանիան արդեն մեկ շաբաթ է՝ պայքարում է հրդեհների դեմ, որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել է 45-ը։